A
A
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ
Աջակցիր «Ա1+»-ին2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում բնակարանի սեփականատերը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Դեպքի վայրի զննությամբ տուժողի բնակարանում հայտնաբերվել էր արտասահմանյան արտադրության ծխախոտի մնացորդ։
Նախաքննության ընթացքում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ ստացվել են տվյալներ: Պարզվել է, որ վերջինս գտնվում է ԵՔՔՎ Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ուր, քննչական գործողություններ կատարելու նպատակով, տեղափոխվել է սառը զենք կրելու կասկածանքով:
Առարկայի ճանաչում քննչական գործողության արդյունքում բնակարանային գողության վերոնշյալ վարույթով տուժողին ճանաչման է ներկայացվել սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալված անձի մոտ հայտնաբերված դանակը, որը բնակարանի սեփականատերը ճանաչել է:
Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ենթադրյալ հանցագործություն կատարած անձից ստացվել է գենետիկական նմուշ, որը, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված ծխախոտի մնացորդի հետ միասին, ուղարկվել է դատագենետիկական փորձաքննության:
Փորձագետի եզրակացության համաձայն՝ ծխուկից նմուշառված կենսաբանական ծագման հետքից անջատված արական սեռի գենետիկական բնութագիրը համընկնում է ձերբակալված անձին բնորոշ գենետիկական բնութագրին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան ներկայացվել է մեղադրանք:
նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: