Բացել լրահոսը Փակել լրահոսը
ezgif-2-dfb036366d
A A
Քաղաքականություն

Եթե այս դեպքերը չլինեին, կարծում եմ,  հայկական կողմը չէր բարձրաձայնի այդ խնդիրը․ Տիգրան Գրիգորյան

 2020թ նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից հետո ենթադրվում էր, որ ռուս խաղաղապահները պետք է բացառեն ադրբեջանական ագրեսիան  գոնե իրենց պատասխանատվության գոտում։  Անցնող 1 տարի, 9 ամիսը ցույց տվեց, որ այդպիսի ակնկալիքներ պետք չէ ունենալ։

«Ա1+»-ի հարցերին  պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Արցախում նախորդ շաբաթվա էսկալացիայի ֆոնին, հասարակության մի մասը առաջին անգամ տեղեկացավ  ռուս խաղաղապահ առաքելության մանդատի, իսկ ավելի ճիշտ դրա բացակայության մասին։  Ադրբեջանը պատերազմից հետո համառորեն չի ստորագրել այն փաստաթուղթը, որով հստակեցվելու էր ռուս խաղաղապահների գործողությունն ու առաքելությունը։  Ինչու՞  են թե ռուսական, թե  հայկական կողմը քիչ խոսում այս մասին։   

 Մանդատի վերաբերյալ խոսակցություններ կային դեռ պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Այդ մասին բավականին մանրամասն գրված է նաև միջազգային կազմակերպությունների զեկույցներում։ Կարծում եմ մամուլի բացն է, որ այդ մասին հանրությունը տեղյակ չէ։

Այնուամենայնիվ, հայկական կողմը կարծես թե աշխատում էր չխոսել այդ մասին։  

Եթե Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել այդ մանդատը և այդ հարցը մեծ հաշվով օրակարգից դուրս է գալիս, ապա հայկական կողմի համար տրամաբանական էլ չէ ամեն օր դրա մասին խոսելը։ Հիմա իրավիճակը սրվել է և խաղաղապահների գործունեության հետ կրկին ինչ-որ խնդիրներ կան, Փաշինյանը նիստին խոսեց դրա մասին։ Եթե այս դեպքերը չլինեին, կարծում եմ,  հայկական կողմը չէր բարձրաձայնի այդ խնդիրը։

Իսկ եթե ավելի վաղ ու հաճախակի բարձրաձայներ, գուցե չլինե՞ր այդ խնդիրը։

Հայկական կողմի խոսելուց կամ չխոսելուց քիչ բան է կախված։

Իսկ ռուսակա՞ն կողմի խոսելուց

Ռուսականից ևս։ Քանի դեռ Ադրբեջանը չի պատրաստվում ստորագրել այդ խաղաղապահ ուժերի մանդատը, ապա դժվար է ինչ-որ բան ակնկալել։ Ռուսաստանը երկու տարի շարունակ փորձում է համոզել Ադրբեջանին, որպեսզի ստորագրի, բայց չի ստացվում։

Դուք ասում եք Ռուսաստանը փորձում է համոզել։ Ինչպե՞ս է դա երևում։

Առաջին հերթին ռուսական կողմն է այդ փաստաթղթի նախագիծը 2020-ի վերջին ներկայացրել կողմերին ։ Ինչ-որ չափով բանակցություններ էին տեղի ունենում, բայց Ադրբեջանը հրաժարվում էր։ Ավելին՝ Ադրբեջանն այդ ընթացքում փորձում էր նաև ինչ-որ զիջումներ կորզել ռուսական կողմից։ Կորզել է՝ այդպես էլ  չստորագրելով։

Արդյոք չէ՞ր լինի վերջին էսկալացիան եթե այդ փաստաթուղթը ստորագրվեր։

 Դժվար է ասել, բայց այն որ խաղաղապահներ գործունեության հետ կապված հարցերն  ավելի հստակեցված կլիներ, անշուշտ։ Հիմա որևէ փաստաթուղթ չկա, որը կանոնակարգում է նրանց առաքելությունն Արցախում։ Այդ պահին խաղաղապահների վերաբերյալ կա մի կետ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, բայց այն, թե որոնք են գործառույթներն ու լիազորությունների շրջանակը կամ իրավունքները պարզ չէ։ Դա ևս նպաստում է այդ առաքելության անարդյունավետությանը։