Պետական պարտքի մասին. Անդրանիկ Մարգարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2021թ.-ի մայիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը մոտ 8.8 մլրդ դոլար է, որի մեծ մասը արտաքին պարտքն է։
Հայաստանը պարբերաբար տարբեր երկրներից եւ կազմակերպություններից պարտքի ներգրավման միջոցով փորձում է լրացնել բյուջեի դեֆիցիտը։ Այն ծածկելու մեկ այլ միջոց են բարձր հարկերը, որոշ երկրներ հենց այս տարբերակով էլ առաջնորդվում են՝ խուսափելով պարտքի կուտակումից։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի ուսանող Անդրանիկ Մարգարյանի խոսքով՝ բարձր հարկերի միջոցով բյուջեի ճեղքը փակելը ևս խնդրահարույց է, քանի որ այդ դեպքում բիզնեսի հարկային բեռը ծանրանում է, տնտեսական ակտիվությունը՝ նվազում, իսկ անհատների դեպքում փոքրանում է տնօրինվող եկամուտի չափը։
Տնտեսագետն ասում է, որ երբ պարտքի շեմը հատում է նորման, իսկ այն, ըստ տարբեր ուսումնասիրությունների, պարտք/ՀՆԱ հարաբերակցության 30-35%-ն է, պարտքը վերածվում է տնտեսության ոտքից կապված ծանրաքարի և թույլ չի տալիս տնտեսությանը զարգանալ առաջանցիկ տեմպերով։ 2021 թվականի առաջին եռամսյակի գնահատականներով այս հարաբերակցությունն արդեն իսկ կազմում է 68.2%։
Մեծ հաշվով պարտքային այս բեռը հիմնականում կրում են ապագա սերունդները, ու եթե վերցված պարտքով նոր ենթակառուցվածքներ են ստեղծվում, որից նաեւ նրանք են օգտվելու, ապա, ըստ Անդրանիկ Մարգարյանի, այնքան էլ անարդար չի լինի, որ նրանք էլ մասնակից դառնան այդ պարտքի մարմանը։
«Երիտասարդ տնտեսություն» շարքի երիտասարդ հերոսները բացատրում են տնտեսական տարբեր երեւույթները՝ հանրությանը մատչելի լեզվով։