Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ինձ մոտ տպավորություն է, որ որոշ մեր ընդդիմադիր գործընկերներ թշնամու հետ պասերով գործելու մեթոդ են օգտագործում»․Վահագն Հովակիմյան (տեսանյութ)

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում են ելքեր ստեղծված իրավիճակից։ 

Հարցի հիմնական զեկուցող, ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետը նոյեմբերի 9-ին ստորագրել է մի փաստաթուղթ, որը կոչվում է հայտարարություն, բայց իր կարգավորման առարկայով այն միջազգային պայմանգիր է, քանի որ այդ հայտարարությունը և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ տարածքային բնույթ ունի և պետք է վավերացվեր Ազգային ժողովում։

Այդ տեսանկյունից, Սիմոնյանը պնդում է՝ վարչապետը գերազանցել է իրեն տրված լիազորությունները և խախտվել է ՀՀ Սահմանադրությունը․

«Փաստաթուղթը հակասության մեջ է նաև միջազգային պայմանագրային իրավունքի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիայի հետ, որտեղ նշված է, որ ուժի կիրառման սպառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագիրը առոչինչ է, իսկ թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ իշխող ուժը բազմիցս հայտարարել են, որ այս փաստաթուղթը ստորագրել է հենց նման սպառնալիքի ներքո, որովհետև հաջորդ քայլը հենց Ստեփանակերտի կամ այլ տարածքների գրավումը պետք է լիներ»։

Սիմոնյանը հիշեցրեց՝ դեռ նոյեմբեր ամսին նախաձեռնեցին այս փաստաթղթի իրավաչափությունը քննարկելու արտահերթ նիստ, որը տապալվեց, և կանգնեցինք փաստի առաջ․

«Փաստն այն է, որ հայտարարության մեջ գրված կետերը կատարվեցին հայկական կողմից, չնայած որ, օրինակ, Արցախի Հանրապետությունն այս փաստաթղթի մաս չէր կազմել, բայց անգամ Արցախի Հանրապետության կողմից փաստաթղթում առկա որոշակի դրույթների ապահովում կատարվեց, մասնավորապես՝ Զինված ուժերի դուրսբերումը Արցախի Հանրապետության տարածքի որոշ մասերից։ ՀՀ-ն ստորագրում է մի հայտարարություն, որտեղ մեկ այլ պետության զորքերի տեղաշարժի հետ կապված հարց է քննարկվում, խոսքը Արցախի Հանրապետության զորքի մասին է»։

Ընդդիմադիր պատգամավորը նաև հավելեց, որ հայտարարության  8-րդ կետում ամրագրված ռազամագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վերադարձի պարտավորությունը Ադրբեջանի կողմից մինչ այսօր չի կատարվել․

«Եթե այս առիթն էլ չօգտագործենք՝ այդ հարցը ԱԺ ամբիոնից բարձրացնելու և նաև հնարավոր գործիքները օգտագործելու, որ գոնե քաղաքական մակարդակով պահանջ հնչի ԱԺ-ի կողմից, ապա, կարծում եմ, մնացած քննարկվելիք նախագծերն իրենց արդիականությունն են կորցնում, որովհետև օրակարգերը փոխվել են պատերազմից հետո»։

Քննարկման ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախ հարց բարձրացրեց՝ որքանով է նպատակահարմար գերիների հարցը քննարկել ԱԺ ամբիոնից բաց տեքստով, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանն արձագանքեց, որ հարցի քննարկումը կարող է օգտակար լինել ճիշտ տերմինաբանություն օգտագործելու պարագայում, Հովակիմյանն  էլ արձագանքեց, թե տպավորություն ունի, թե ընդդիմադիր որոշ պատգամավորներ Ադրբեջանի հետ համատեղ են գործում․

«Ինձ մոտ տպավորություն է, որ որոշ մեր ընդդիմադիր գործընկերներ թշնամու հետ պասերով գործելու մեթոդ են օգտագործում, որոշ ընդդիմադիր գործընկերների հայտարարություններ երբեմն արվում են հատուկ, որպեսզի Ադրբեջանին հնարավորություն տան Հայստանի նկատմամբ հերթական սադրանքը իրականացնել կամ գերիների հարցով հերթական ձգձգումը կատարել»։

Սիմոնյանն էլ հորդորեց իր խոսքից հետո այլևս նման հորդորներ չանել ընդդիմադիր գործիչներին։

Նախագծի հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը առաջարկեց նախագծին բացասական եզրակացություն տալ։

Ելույթ ունեցավ նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, պնդեց՝ այս նախագիծը քաղաքական է, և Ազգային ժողովը պետք է տա քաղաքական գնահատական։ 

«Հիմա արդիական է այն, որ հայտարարության 8-րդ կետ չի իրականացվել, բայց Հայաստանը գնում է նոր հանդիպման և նոր փաստաթուղթ է ստորագրում»․

«Հիմա մենք Ադրբեջանից ուզում ենք մեր ռազմագերիների՞ն ստանալ, թե Տարոն Սիմոնյանին բացատրում ենք՝ Ազգային ժողովն ինչ իրավունքներ ունի։ Մեր խնդիրը այսօր ռազմագերիներին բերելն է, և պետք է միջազգային հանրությանը տեղեկացնել, որ այդ կետը չի իրականացվում»։

Նախագիծը բացասական եզրակցություն ստացավ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։