Բացահայտվել են բարեգործության արգելքի խախտման և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակից և նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը ՀՀ նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող ՀՀ Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։
Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ընտրական գործընթացների օրինականության ապահովումը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն, և ընտրական բնույթի բոլոր իրավախախտումները գտնվում են Կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ հիշեցնելով, որ ընտրակաշառք տալու և ստանալու համար նախատեսված է 7-ից մինչև 8 տարվա ազատազրկում։ Հորդորում ենք զերծ մնալ ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի ներգործությունից՝ ապահովելով քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: