Ջուրծեծոցի ակցիա՝ Սպայդերմենի մասնակցությամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Բոլորին դեմ եմ» քաղաքական շարժման անդամները Կարապի լճում բառացիորեն «ջուր էին ծեծում»։
Նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված ակցիայի մասնակիցները նավակ էին բերել Կարապի լիճ՝ ջուրը մտնելու և «ծեծելու» նպատակով։
Սակայն լիճն այսօր դատարկ էր՝ մաքրման աշխատանքների պատճառով։ Լճի դատարկ լինելն ստիպեց նրանց իրենց բերած նավակը ջրով լցնել և մուրճով ու տարբեր առարկաներով հարվածել ջրին՝ պնդելով, որ վերջին տարիներին ու մոտակա 30 օրերին քաղաքական ուժերի մեծ մասը զբաղված է հենց դրանով՝ «ջուր ծեծելով»։
Նրանց խոսքով՝ քաղաքական դաշտում հնչող խոստումները տարիներ շարունակ կրկնվում են, սակայն իրական փոփոխությունների չեն վերածվում. «Այս դեպքում հարց է առաջանում՝ եթե բոլոր ուժերը նույն խոստումներն են տալիս, որոնք հետո չեն կատարում, ապա ո՞րն է նրանց տարբերությունը»։
Ակցիան ուղեկցվեց անցորդների արձագանքներով ու ծիծաղով, իսկ որոշ քաղաքացիներ կանգ էին առնում՝ նկարահանելու «ջուր ծեծելու» տեսարանները։