Բացել լրահոսը Փակել լրահոսը
96669688_2459104027524778_6352296874627563520_n
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Ինչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան, եւ արդյոք կհեշտացնի՞ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը

Չնայած որոշ պատգամավորների դժգոհություններին եւ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիային՝ Խորհրդարանն այսօր  79 կողմ, 12 դեմ ձայների հարաբերությամբ ընդունեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:

Թեմայի շուրջ «Ա1+»-ը զրուցել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ:

 

- Աժ այսօրվա նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկա չէր: Ավելի վաղ կոնվենցիան քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: «Լուսավոր Հայաստանն» ի՞նչ դիրքորոշում է հայտնել կոնվենցիայի վերաբերյալ:

 

-   «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարծես հանրային դիրքորոշում չի հայտնել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման և քվեարկության ժամանակ ներկա չէր։ 

     -  Կոնվենցիան ի՞նչ մեխանիզմներ ունի, որոնցով կարող է պաշտպանել երեխային սեռական շահագործումից և չարաշահումից:

Կոնվենցիաները սովորաբար ոչ թե անմիջականորեն են գործում, այսինքն՝ այս կամ այն կերպ կանխում կամ պատժում հանցագործությունները, այլ ընդհանուր ուղենիշներ են սահմանում, թե երկրները ինչ փոխեն իրենց ներքին օրենսդրության և մեխանիզմների մեջ։

Օրինակ, Կոնվենցիան խորհուրդ է տալիս քրեականացնել երեխաներին սեռական բնույթի գործողություններին ականատես լինելուն դրդելը կամ երեխային սեռական հարաբերությունների մեջ ներգրավելու նպատակով հանդիպման առցանց առաջարկ անելը։ Մեկ այլ դրույթով՝ Կոնվենցիան խրախուսում է ստուգել և ապահովել, որ երեխաների հետ աշխատող անձինք չունենան դատվածություններ երեխաների սեռական շահագործման կամ ոտնձգությունների համար։ Կոնվենցիան շատ ավելի անմիջական օգտակարություն ունի միջազգային համագործակցության տեսանկյունից։ Այն ստեղծում է համագործակցության դաշտ երկրից երկիր ճամփորդող հանցագործներին նույնականացնելու, հանցագործությունները կանխելու և դրանք արդյունավետ պատժելու համար։

 

- Հաճախ է խոսվում այն մասին, որ սեռական բռնության զոհ դարձած երեխաները պետությունից չեն ստանում փաստաբանի, բժշկական, հոգեբանական աջակցություն: Մասնավոր կազմակերպություններն էլ երկարատև ծրագրեր չեն կիրառում: Այս կոնվենցիան ենթադրո՞ւմ է նաև այդ մեխանիզմների կիրառումը, և հետագայում ի՞նչ ծրագրեր են մշակվելու այս ուղղությամբ:

 

- Կոնվենցիան խրախուսում է, որ երկրները զոհերին անվճար իրավաբանական օգնության տրամադրեն, գործերի քննության ժամանակ նրանց հավելյալ տրավմաների չենթարկելու կառուցակարգեր մշակեն (օրինակ մեկից ավելի անգամ չհարցաքննեն՝ ստիպելով վերապատմել և վերապրել կատարվածը), միջոցառումներ ձեռնարկեն զոհերի ֆիզիկական և հոգեբանական ու սոցիալական վերականգնման հարցում։ Մենք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել ենք (օրինակ կրկնակի հարցաքննությունները բացառելու մասով) և կշարունակենք ձեռնարկել (օրինակ ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման մասով)։ Կոնվենցիան այս առումով ընդամենը հավելյալ խթան է։

-   Կոնվենցիան նաև հնարավորություն է տալիս միջազգային համագործակցության և սեռական հանցագործությունների համար դատապարտված անձանց տվյալների գրանցման և և պահպանման: Այս հնարավորությունը որքանո՞վ կօգնի հանցագործներին բացահայտելու և նման դեպքերը հնարավորինս նվազեցնելու համար:

- Այո, Կոնվենցիան խրախուսում է, որ երկրները պահպանեն հանցագործություններ կատարած անձանց ինքնության և գենետիկ տվյալները և ունենան օրենսդրական կառուցակարգեր՝ դրանք այլ երկրների փոխանցելու համար։ Սա կարող է օգտակար լինել ապացուցելու համար, որ տեղի է ունեցել կրկնահանցագործություն, այսինքն՝ առաջին անգամը չէ, որ անձը նման հանցագործություն է կատարում։

 

- Այսօր գրանցվում են նաև առցանց սեռական շահագործման դեպքերը, կոնվենցիան այս առումով ունի՞ պաշտպանական մեխանիզմներ:

 

- Կոնվենցիան նախ պահանջում է, որ երկրները տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը մասնակից դարձնեն հանձնագործությունների կանխարգելմանն ուղղված քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանը: Կոնվենցիան նաև պահանջում է, որ քրեականացվեն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունները, ինչպիսին է, օրինակ, մանկական պոռնոգրաֆիային գիտակցաբար հասանելիություն ձեռք բերելը։ Եվ վերջապես Կոնվենցիան պահանջում է, որ երկրները գիտելիքներ տան երեխաներին ինտերնետից անվտանգ օգտվելու մասին։

 

- Եթե բռնություն իրականացնող անձը հանդիսանում է ծնողը  կամ խնամակալ անձը, այդ դեպքում ի՞նչ միջոցներ են կիրառվելու:

 

- Կոնվենցիան խրախուսում է նախ դիտարկել ընտանեկան միջավայրից այդ ծնողին հեռացնելու տարբերակը՝ ապահովելով, որ երեխան շարունակի բնակվել մյուս՝ իրեն աջակցող և խնամող ծնողի հետ։ Եթե սա հնարավոր չէ, ապա պետք է կիրառվի երեխային ապահով միջավայր տեղափոխելու տարբերակը։

 

- Կոնվենցիան վերաբերո՞ւմ է նաև ֆիզիկական բռնություններին, թե այն միայն  սեռական բռնության և չարաշահման պաշտպանության մեխանիզմներ ունի:

 

- Կոնվենցիան վերաբերում է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններին, որոնք կարող են ունենալ նաև ֆիզիկան բռնության դրսևորումներ, օրինակ բռնաբարությունը կամ չունենալ ֆիզիկական բռնության ակնհայտ դրսևորումներ, օրինակ երեխային համոզելով ներգրավելը պոռոգրաֆիայի արտադրության մեջ։

 

- Մամուլում  կոնվենցիայի վերաբերյալ ոչ միանշանակ կարծիքներ կան, մասնավորապես նշվում է, որ կոնվենցիան պարտադրում է, որ երեխաները տարրական և միջնակարգ դպրոցում պետք է իրազեկվեն սեռական շահագործման մասին, ինչը կարող է երեխաների մոտ վաղաժամ հետաքրքրություններ առաջացնել իրենց մարմնի նկատմամբ:

 

- Կոնվենցիայի կրթական բաղադրիչը չի ենթադրում, որ երեխաներին պետք է նկարագրվեն քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունները։ Կոնվենցիան ենթադրում է, որ երեխաներին պետք է տրվեն իրենց տարիքին հարմարեցված գիտելիքներ, թե ինչպես ճանաչել իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգների վաղ նշանները և անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասակներից։ Կոնվենցիան նաև նշում է, որ սա նախևառաջ ծնողների պարտականությունն է, սակայն ոչ բոլոր ծնողները ունեն համապատասխան ծնողավարական հմտություններ։ Օրինակ շատ ծնողներ գուցե չկարողանան «անծանոթից կոնֆետ չվերցնես»-ից ավելի բան ասել երեխաներին, մինչդեռ մանկության նկատմամբ հանցագործությունները նոր դրսևորումներ են կրում, օրինակ առցանց։ Այստեղ հարկավոր է ծնող-ուսուցիչ համագործակցություն երեխային առանց սթրեսի ենթարկելու սովորացնելու համար, թե ինչպես անվտանգ օգտվել համացանցից։ Եթե անհրաժեշտ է տասնյակ հազարավոր մանուկներին տալ ընդհանուր բնույթի գիտելիքներ տասնյակ մանուկների կյանքը փրկելու համար, ապա դա պետք է անել։

 

 - Մտավախություններ կան նաև, որ կոնվենցիայի վավերացման  դեպքում երեխաները կարող են Թեժ գիծ զանգահարելով՝ բողոք ներկայացնել ծնողի հանդեպ «դաստիարակչական ապտակի» կամ վիճաբանության դեպքում: Կոնվենցիայի ընդունումը կարո՞ղ է նման խնդիրներ առաջացնել մեզ մոտ:

 

         - Կոնվենցիան չի անդրադառնում ոչ սեռական բնույթի բռնությանը կամ ծնողավարական հմտությունների զարգացմանը։ Սակայն քանի որ հարց եք բարձրացրել, ես այսպիսի մի դատողություն առաջ կքաշեմ։ Այն երեխան, ում ծնողը կամ ծնողները «դաստիարակչան ապտակ» են կիրառում, ամեն նման ապտակի միջոցով իրենց երեխային սովորեցնում են դիմանալ բռնությանը, չունենալ իրենց մարմնի նկատմամբ ոտնձգության դեմ արտառոց վերբերմունք։ Սա նաև կարող է հանգեցնել նրան, որ երեխան առանց ընդվզելու ներգրավվի այնպիսի միջավայրերում, որտեղ իր նկատմամբ կկիրառվի սեռական բնույթի բռնություն։ Առողջ ծնողավարությունը ենթադրում է սեփական արժանապատվության գիտակցությամբ մարդու ստեղծում։

         -  Կոնվենցիայի հանդեպ  հաջորդ մտավախությունը այն է, որ Եվրոպայում դեպքեր են հանդիպում, երբ ամուսնալուծության ժամանակ երեխային  ծնողից հեռացնելու համար  ծնողը մեղադրում է մյուսին երեխայի հանդեպ սեռական բռնության կամ ցանկության առկայության մեջ՝ այսպիսով զրկելով նրան ծնողական խնամքից: Կոնվենցիայի ընդունումը կարո՞ղ է այսպիսի դեպքերի համար առիթ դառնալ:

      -   Նման դեպք կարող է տեղի ունենալ անկախ Կոնվենցիայի վավերացումից։ Եվ անկախ Կոնվենցիայի վավերացումից նման մեղքը պետք է ապացուցվի։

-   Այս կոնվենցիան կարո՞ղ է հեշտացնել  երեխայի որդեգրման հետ կապված առկա խնդիրները:

- Ոչ, չի կարող։ Իմիջայլոց ասեմ, որ հենց այս օրերին Ազգային ժողովում քննարկում ենք քրեական օրենսգրքում հնարավոր նոր՝ «Ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը» հոդվածը, որով քրեական պատասխանատվություն կսահմանվի հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը։

 

-Լանզարոտի կոնվենցիայի վավերացման դեմ է խոսել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանի կոնվեցիայի վավերացմամբ իրավական ակտերի համակարգ է ներմուծվում «սեռական կողմնորոշում»  հասկացությունը և այն հեշտացնելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, որով ընտանիք հասկացությունը նույնականցվելու է նույնասեռականների միության հետ: Ի՞նչ առնչություներ ունեն այս երկու կոնվենցիաները և ինչպե՞ս կարող են օգնել մեկը մյուսին վավերացման հարցում:

 

-Պարոն Արա Զոհրաբյանը ապատեղեկատվություն է տարածում և վնասում փաստաբանության որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն ոլորտի համբավին։ Նախ, այս Կոնվենցիան իրավական ակտերի համակարգ չի ներմուծում «սեռական կողմնորոշում» հասկացությունը, քանի որ այն արդեն կա օրինակ Հայաստանի Կառավարության կողմից 2011 թվականին ստորագրված և Խորհրդարանի կողմից 2015 թվականին վավերացված «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում։

Երկրորդ, այս Կոնվենցիայում խոսվում է սեռական բռնության երեխա զոհերի, կրկնում եմ՝ երեխա զոհերի սեռական կողմնորոշումը նրանց նկատմամբ կատարված հանցագործությունները քննելու հիմք չդարձնելու մասին։ Կոնվենցիան ասում է զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումը երաշխավորվում է առանց որևէ հիմքով խտրականության, ինչպիսիք են սեռը, ռասան, մաշկի գույնը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքներ, ազգային կամ սոցիալական ծագումը, ազգային փոքրամասնության պատկանելությունը, գույքային դրությունը, ծնունդը, սեռական կողմնորոշումը, առողջական վիճակը, հաշմանդամությունը կամ այլ կարգավիճակ: Սա նշանակում է, որ եթե քննիչը քննում է երեխային մարմնավաճառության մեջ ներգրավելու դեպք, նրան չպետք է հետաքրքրի՝ հիմա այդ երեխային ի՞նչ կողմնորոշման մարմնավաճառության մեջ են ներգրավել։ Նույնը չպետք է հետաքրքրի սեփական մասնագիտության արժեքը գիտակցող փաստաբանին։

Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը ոչ մի կերպ չի կարող դյուրացնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը։ Դրանք առանձին որոշումներ են։