Բացել լրահոսը Փակել լրահոսը
5 (1)
A A
Պաշտոնական

Գերմանացի փորձագետների հետ քննարկվել են երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Գերմանիայից ժամանած երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտի փորձագետներին ու «Միջազգային հրշեջ և փրկարարական համադաշնության» ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «ՀԱՎԱՏԱՄՔ» հիմնադրամի տնօրեն Գայանե Ափինյանն ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Մհեր Մարկոսյանը։

Քննարկվել են երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել են կոմիտեի գործունեության հիմնական ուղղություները՝ ընդգծելով նաև Հայաստանում սեյսմիկ անվտանգության խնդիրների լուծման կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվել են Եվրոպական միության և Գերմանիայում գործող քաղաքաշինական նորմերի, հրդեհային պաշտպանության և երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտներում կիրառվող տեխնոլոգիաների, գործող կարգավորումների վերաբերյալ հարցեր։ Դիտարկվել են սեյսմիկ խնդիրների կանոնակարգման գործում Գերմանիայի օրինակը և Հայաստանի հետ փորձի փոխանակման հնարավորությունները։

Գերմանացի փորձագետները նկատել են, որ Քաղաքաշինության կոմիտեն և ոլորտային մասնագետները ստիպված են մի քանի անգամ ավելի բարդ խնդիրներ լուծել՝ հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ Ուստի, երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտում արդյունավետ լուծումների մշակումը նաև միջազգային նշանակություն կունենա։ Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցելու այս ոլորտում համընդհանուր մարտահրավերների կարգավորմանը։

 

Քաղաքաշինության կոմիտե