Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չնայած ԱԺ-ի դիմաց ակցիային՝ ընդդեմ կոնվենցիայի՝ խորհրդարանն ընդունեց այն (տեսանյութ)

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները։ Մինչ օրակարգային հարցերին անցելը խորհրդարանը քվեարկեց քննարկված նախագծերը։ ԱԺ-ն 79 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը։

Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, որ կոնվենցիան դրույթներ է պարունակում, որոնք սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը։ Նա նշեց նաև, որ այսօր ԱԺ-ի մոտ ակցիա է իրականացվում ընդդեմ այս կոնվենցիան վավերացնելուն։

Պատգամավորը ահազանգեր է ստացել նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից։

«Ասում եմ, որ այնտեղ կան դրույթներ, որոնք հույս են տալիս, թե Հայաստանում փորձ է արվում մարդու իրավունքները համակողմի պաշտպանել, բայց վտանգ է պարունակում, և մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ այս կոնվենցիան ՀՀ-ում չի բխում երեխայի իրավունքի պաշտպանության իրական շահերից»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Նրանք արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա հիշեցրեց, որ գլխադասային հանձնաժողովում ընդդիմադիր ուժերը, այդ թվում «Բարգավաճ Հայաստանը» կողմ են քվեարկել կոնվենցիան վավերացնելուն։

«Ցավում եմ, որ առանձին մարդիկ կարողանում են առավատյան ձեր դիրքորոշման վրա ազդել, այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից, այս կոնվենցիան մանկապղծության դեմ կոնվեցիա է, որը կանխելու է մանկապղծությունը Հայաստանում, հետևաբար «Իմ քայլը» կողմ է քվեարկելու»,- ընդգծեց նա։

Նշենք նաև , որ կոնվենցիան ստորագրվել է 47 պետության, ուժի մեջ է մտել 44 պետության համար: Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին: Կոնվենցիայի նպատակներն են երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության կանխարգելումը և դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը և երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական և միջազգային համագործակցության խթանումը:

Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու չարաշահման բոլոր ձևերը կանխարգելելու եւ երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ մշակել և իրագործել համապատասխան մեխանիզմներ, հատկապես կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաև իրավապահ և դատական մարմիններում։

Մանրամասները՝ տեսանյութում։