Կորոնավիրուս հայտնաբերված համայնքների վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի․ Արցախի ԿԸՀ քարտուղար
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետությունում ապրիլի 14-ին նախատեսված է անցկացնել նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։
Նշենք, որ Արցախում արդեն արձանագրվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածության դեպքեր․ առաջին դեպքը հաստատվել էր Արցախի Քաշաթաղ շրջանի Միրիկ գյուղի մի բնակչուհու մոտ։
Անդրադառնալով կորոնավիրուսի դեպքին՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր , որ նույնիսկ արտակարգ դրություն չմտցնելու դեպքում, անհնար կլինի ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպել Միրիկում, Մոշաթաղում, Բերձորում։
«Իրականում վիճակը տագնապալի է ոչ միայն Միրիկում, այլ հարևան Մոշաթաղում։ Նույնիսկ արտակարգ դրություն չմտցնելու դեպքում, անհնար կլինի ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպել Միրիկում, Մոշաթաղում, Բերձորում։
Հ.Գ. Վարակվածի հարսը գրանցված է եղել Մոշաթաղում և քվեարկել այնտեղ»,- գրել էր Խանումյանը։
«Ա1+»-ը ԱՀ նախագահի խորհրդական, Արցախի տեղեկատվական շտաբի աշխատանքները համակարգող Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեց հիշալ վայրերում ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին։
Աբրահամյանն ասաց, որ տեղեկատվական շտաբը փոխանցում է այն ինֆորմացիան, որ տրվում է տարբեր գերատեսչությունների կողմից՝ կապված կորոնավիրուսի դեպքերի հետ։
«Այսինքն՝ մենք նման ինֆորմացիայի այս պահին չենք տիրապետում։ Այն գործընթացը, որ նախատեսված է, ենթադրում է, որ ընթանում է։ Լավ կլինի՝ այդ հարցի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ խոսեք, որովհետև ինքն է զբաղվում այդ աշխատանքներով։ Այս պահին որևէ գերատեսչությունից որևէ բան չի փոխանցնվել, որ կոնկրետ այդ համայնքների հետ կապված այլ խնդիրներ կան»,- եզրափակեց նա։
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Գայանե Առուշանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կերպ են անցկացվելու ընտրությունները վերնշյալ համայնքներում։
«Մոշաթաղի, Միրիկի, Բերձորի հետ կապված լրացուցիչ հայտարարություն կլինի ընտրությունների նախօրեին, պաշտոնական կհրապարակվի»,- ասաց Առուշանյանը։
Առուշանյանը հավելեց, որ կանխարգելիչ բոլոր միջոցառումները կիրականացվեն ընտրությունների ժամանակ։ Ճշգրտող հարցին՝ ավելի ուժեղ խստացումնե՞ր կլինեն կանխարգելիչ միջոցառումների առումով՝ նախորդի համեմատ, ԿԸՀ քարտուղարը պատասխանեց, որ ամեն ինչ արվելու է ըստ անհրաժեշտության։
Անդրադառնալով Խանումյանի գրառմանը՝ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ, «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ պետք է արվի։
«Պետք է վերջացնենք։ Իրավիճակը մենք չպետք է քաղաքականացնենք։ Առողջապահական նորմերին պետք է հետևել։ Մասնագետները պետք է խոսեն, ոչ թե քաղաքականացնեն, շահարկումներ և այլն, և այլն։ Եթե նախարարությունը համարում է, որ պետք է ինչ-որ միջոցառումներ ձեռնարկել, արտակարգ դրություն, առողջապահական նորմեր, պետք է անել, բայց իրենցից հարցրեք»,- եզրափակեց Բաբայանը։
Մենք փորձեցինք հիշյալ համայնքներում տիրող իրավիճակի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից տեղեկություններ ստանալ։ Մեր զանգին պատասխանած աշխատակիցն ասաց, որ կորոնավիրուսով պայմանավորված բոլոր միջոցառումներն իրականացվում են․ թե՛ ախտահանման, թե՛ բժշական անձնակազմի կողմից կատարվող, իսկ մնացյալի վերաբերյալ մեզ խորհուրդ տվեցին խոսել Տիգրան Աբրահամյանի հետ։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրությունների 2-րդ փուլին մասնակցելու հնարավորություն են ստացել ԱՀ նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։