Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Որպեսզի «Թումո»-ն հասանելի լինի բոլորին, պետք է լինելու 12-16 կենտրոն՝ իր արբանյակային թումոբոքսերով․ Բեկոր Փափազյան (տեսանյութ)

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների Երևանի կենտրոնում և KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում զուգահեռաբար այսօր տեղի ունեցավ Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը։


Միջոցառման ավարտից հետո «Ա1»-ը զրուցեց տեխնոլոգիաների մասնագետ, գիտնական, նախկին դիվանագետ, «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Բեկոր Փափազյանի հետ։

««Թումո» կենտրոնն այսօր ունի 4 գործող կենտրոն․ Երևան, Դիլիջան, Գյումրի և Ստեփանակերտ։ 5-րդը բացվելու է Կողբում, բայց որպեսզի «Թումո»-ն հասանելի լինի Հայաստանի բոլոր երիտասարդներին, պետք է լինելու 12-16 կենտրոն՝  իր արբանյակային թումոբոքսերով»,- նշեց Փափազյանը։ Նա ասաց, որ որոշվել է «թումո»-ների համաշխարհային ցանց ստեղծել, որը տարեկան եկամուտ կբերի «Թումոյին»։

Հայաստանից դուրս գործում են Փարիզում, Բեյրութում, Բեռլինում, նախատեսված է նաև Մոսկվայում, Տիրանայում (Ալբանիա), Կիևում։

«Բանակցությունների մեջ ենք Նուրսուլթանի, Լոս Անջելեսի,  Փալո Ալթոյի, Քուվեյթի հետ և արդեն այսօր խոսում էինք մեր գերմանացի գործընկերների հետ, Աֆրիկայում «Թումոյի» ցանց տարածելու մասին»,- շարունակեց գիտնականը։

Հունվարի 15-ին, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում  ասել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել Եվրամիության՝ կրթական նպատակով հատկացված 23 մլն դրամաշնորհից 13,5 մլն եվրոն հատկացնել «Թոմո»-ին՝ նոր շենք կառուցելու համար։

Անդրադառնալով այս հարցին՝ Փափազյանն ասաց, որ ծրագրող նախատեսված է բարձագույն կրթության մակարդակի շարունակության ստեղծում։

«Ինքը հարթակ է լինելու բոլոր բուհերի համար, որ կարողանան օգտագործել համատեղ։ Բայց նաև ինքը հիմնվում է մի սկզբունքի վրա, որը նույնիսկ նույն է, ինչը որ այսօր օգտագործվում է «Թումոյում»։ «Թումո»-ն մեծ շենքի մեջ է տեղակայված և այդ շենքի վերևի 4 հարկերը վարձով են տրվում «Սինոփսիս»-ին, «ՓիքսԱրթ»-ին, «Էնթոգրաֆիքս»-ին և այլն։ Եվ այդ եկամուտն է, որ մեզ ինքնաֆինանսավորվելու հնարավորություն է տալիս»,- նշեց նա։

Գիտնականի խոսքերով՝ կառուցվում են կոնֆերանսի դահլիճներ, սթարթափների համար գրասենյակներ և այլն, իսկ ամենակարևորը՝ ծրագրի կորիզում լոբորատորիաները, ուսումնական տարածքներն են։ Խոսելով «Արմաթ» լաբորատորիաների մասին՝ տեխնոլոգիաների մասնագետն ասաց, որ «Արմաթ»-ը դպրոցներում է ծրագրեր անում, իսկ «Թումո»-ն արտադպրոցական, նույնիսկ բուհական մակարդակի ծրագրեր է իրականացնում։

«Թումո»-ի շրջանավարտների հաջողություններով Փափազյանը ոգևորված է։

Մանրամասները՝ տեսանյութում․