Սերգեյ Փարաջանով – 100. հոբելյանական պետական ծրագրով 2024 թվականին Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2024 թ. ստեղծվել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել էր միջոցառումների ծրագիրը:
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, և իրականացված հոբելյանական միջոցառումներն անցկացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո:
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում կազմակերպվել է 21 միջոցառում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Սայաթ-Նովա» ֆիլմի դիտում-քննարկումը, «PARADJANOV, LE MAGNIFIQUE» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը և «Կինոյի տաճար» ինստալյացիան:
Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է 2024 թվականի հունվարի 9-ին՝ Փարաջանովի ծննդյան օրը․ Կինոյի տանը բացվել է մեծանուն արվեստագետի արձանը, ինչպես նաև տեղի է ունեցել Դավիթ Գալստյանի «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից» ցուցադրությունը:
Հոբելյանական տարվա ընթացքում մեծանուն վարպետի արվեստի մոտիվներով ստեղծվել է 3 նոր պարային ժամանակակից ներկայացում, որոնցից երկուսը՝ հայ-ֆրանսիական համագործակցությամբ, ինչպես նաև 3 նոր խաղարկային և վավերագրական ֆիլմ, որոնցից մեկն ընդգրկվել է Վենետիկի հանրահռչակ «Լա Մոստրա» փառատոնի մրցութային ցանկում։ Ստեղծվել են նաև իմերսիվ ցուցահանդես-դեֆիլե՝ Միլանում և Երևանում, անցկացվել են կրթամշակութային մարզային ծրագրեր, միջազգային գիտական կոնֆերանսներ, հրատարակվել են գիրք-ալբոմներ, կազմակերպվել են երաժշտական պերֆորմանսներ, թողարկվել են աուդիովիզուալ արտադրանքներ, պատրաստվել են հեռուստահաղորդաշարեր, փարաջանովյան մոտիվներով տարաբնույթ հուշանվերներ: Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությամբ նրա արվեստը հանրահռչակվել է Ֆրանսիայում, Արգենտինայում, Սերբիայում, Չինաստանում:
ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» հուշադրամը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանը համագործակցել է տարբեր թանգարանների հետ, այդ թվում՝ մարզային: «Փարաջանով 100» հոբելյանական ցուցահանդես է անցկացվել Հայաստանի ազգային պատկերասրահում, Գյումրու ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում, Վանաձորի Կերպարվեստի թանգարանում, Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 2 նամականիշի մարման արարողությունը, որոնցից մեկը «Հայփոստ»-ը նվիրել է թանգարանին:
Կազմակերպել է «Փարաջանով-100. «Ճանապարհորդություն ժամանակի և մշակույթի միջով» խորագիրը կրող միջազգային գիտաժողով:
Անցկացվել են բանախոսություններ «Փարաջանովը ժամանակակից նորաձևության աշխարհում» թեմայով, պարային բեմադրություն, «A tribute to Parajanov» կոլաժների հավաքածուների ցուցադրություն, Ծաղկային ինստալյացիա «Փարաջանով 100»
հավաքածուից, «100 նուռ» ինտերակտիվ ինստալյացիա, Փարաջանովի արվեստի հիման վրա ստեղծված նորաձևության հավաքածուի ցուցադրություն, «Մուսա. Փարաջանով» ֆեշն-ինստալյացիա:
Լեհաստանի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում կայացել է «Ս. Փարաջանով. Ես կգերազանցեմ իմ ստվերը» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ռումինիայում տեղի են ունեցել միջոցառումներ՝ ֆիլմերի, թեմատիկ քննարկումների ու ցուցահանդեսների տեսքով: Ղազախստանում իրականացվել է լուսանկարչական ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվել է թանգարանի արխիվում պահվող 45 լուսանկար, իսկ Թուրքմենստանում իրականացված ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվել է թանգարանի արխիվում պահվող շուրջ 30 լուսանկար:
Միլանում «Արտույտ» ՓԲԸ-ն «Փարաջանով 100» միջոցառման շրջանակում ներկայացրել է իր առաջին բարձր նորաձևության հավաքածուն:
Գրանադայում անցկացվել է Սինեմիստիկ 10-րդ փառատոնը, որի ժամանակ իրականացվել է «Ծեսեր, առասպելներ և առօրեականությունը» խորագիրը կրող միջոցառում:
Ս. Փարաջանովի թանգարանի և Վրաստանում ՀՀ դեսպանատան համագործակցությամբ Թբիլիսիի Խորհրդարանական գրադարանում բացվել է լուսանկարչական ցուցահանդես և բեմադրվել «Շնչող արվեստ 2» ներկայացումը՝ «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով:
Թանգարանի հետ համագործակցելով՝ Հունաստանի, Բելգիայի, Ավստրալիայի, Ամստերդամի, Լյուքսեմբուրգի և Արգենտինայի դեսպանությունները և հայկական համայնքների ներկայացուցիչները թանգարանի կողմից տրամադրված՝ Փարաջանովի անձնական լուսանկարների, ֆիլմերի, ստեղծագործությունների լուսանկարների թվային ֆայլերի և կենսագրական նյութերի հիման վրա կազմակերպել են ցուցահանդեսներ:
Թանգարանը համագործակցել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի հետ, և Փարաջանովի «Արա Գեղեցիկ» և «Խոստովանանք» չնկարահանված կինոսցենարների հիման վրա բեմադրվել է ներկայացում, որն իրականացվել է թանգարանի բակում և կոչվել է «Վերադարձ»:
Ս․ Փարաջանովի թանգարանում նկարահանվել են Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Փարաջանով» և Վիվիեն Բաստաջյանի «Ավետարան ըստ Փարաջանովի» ֆիլմերը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ