Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը (լուսանկարներ, տեսանյութ) (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ով շնորհավորեց Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և ներկայացրեց նախորդ տարում Ազգային անվտանգության ծառայողների միասնական աշխատանքի առավել նշանակալի արդյունքները` ըստ գործունեության հիմնական ուղղությունների: ԱԱԾ տնօրենը նշեց, որ Ծառայությունում 2024 թվականի նոյեմբերից նախաձեռնվել է լայնածավալ գործընթաց համակարգային բարեփոխումների ուղղությամբ։ Այս աշխատանքներն առավել համակարգված և նպատակային իրականացնելու համար մշակվում է նաև Ազգային անվտանգության մարմիններում բարեփոխումների ռազմավարական ծրագիր:
«Ազգային անվտանգության ծառայության հեռանկարային զարգացման բարեփոխումների իրականացման շրջանակներում շարունակվել են աշխատանքները ծառայության գործունեությունը կանոնակարգող նորմատիվ և ներքին իրավական ակտերի համակարգը կատարելագործելու ուղղությամբ: Դեռևս 2023 թվականից Ծառայությունում անցկացվում է ատեստավորման գործընթաց, որի արդյունքում զինծառայողները հնարավորություն են ստացել բարելավելու իրենց մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև՝ նյութական վիճակը»,- իր խոսքում ասաց Ա. Աբազյանը:
Ամփոփելով 2024թ․ ընթացքում Ազգային անվտանգության մարմինների հիմնական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ ԱԱԾ տնօրենը փաստեց, որ արձանագրված դրական արդյունքներն ամենևին չեն նշանակում, որ չկան բացթողումներ և թերացումներ, ինչի ուղղությամբ իրականացվում է ամենօրյա հետևողական աշխատանք:
ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև պետական սահմանի պահպանությանը և նշեց, որ նախորդ տարվա օգոստոսի 1-ից «Զվարթնոց», իսկ դեկտեմբերի 30-ից նաև «Ագարակ» անցման կետերում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացվում է միայն Սահմանապահ զորքերի ուժերով:
«Սահմանազատման արդյունքում ՍԶ-ի կողմից պետական սահմանի պահպանություն է իրականացվում նաև Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս և Բերքաբեր հատվածներում: Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի պահպանվող տեղամասում շահագործման է հանձնվել 2 սահմանապահ ուղեկալ, ավարտական փուլում են գտնվում 4 ուղեկալների և 1 պարետատան կառուցման աշխատանքները»,- իր խոսքում ասաց ԱԱԾ տնօրենը:
Մասնագիտական տոնի կապակցությամբ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ 2024 թ.-ին նույնպես Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը, իսկ Ծառայությունում կատարված փոփոխությունները շատ էական են ժողովրդավարական հասարակության մեջ հատուկ ծառայությունների գործունեության տրամաբանության առումով:
«Պիտի ընդգծեմ, որ իսկապես, 2024 թ.-ին Ազգային անվտանգության ծառայությունն իր գործողություններով և գործունեությամբ միանշանակ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը»,- իր խոսքում ասաց Ն. Փաշինյանը:
Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ մի շարք աշխատակիցներ հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը, տեղակալները, գլխավոր վարչությունների ղեկավարները և Սահմանապահ զորքերի հրամանատարը հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին: