Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք երկիր՝ մեկ լեզու. գերմաներենի շաբաթ՝ Հայաստանում (տեսանյութ)

Մշակույթ
despanatun

«Ով տիրապետում է Գերմաներենին, նրա համար ուսուցողական ծրագրերի մեծ հեռանկարներ են բացվում,-ասում է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։-Մենք կարծում ենք, որ գերմաներենը եղել է և կա աշխարհի գրավիչ լեզուների շարքում։ Միգուցե քչերին է հայտնի, որ գերմանախոս երկրներից են Լիխթեյնշթայնը, Լյուքսեմբուրգը, Բելգիայի և Դանիայի, Ֆրանսիայի որոշ տարածաշրջաններ։ Գերմաներենը Եվրոպայում ռուսերենից հետո ամենաշատ գործածվող մայրենի լեզուն է։Երևանում  կա գերմաներենի խորացված ուսուցմամբ  յոթ դպրոց։ Բոլոր դպրոցներին աջակցել բնականաբար չենք կարող,- ասում է դեսպանը, -սակայն ներկայում աջակցում ենք մեկ դպրոցի, որպեսզի աշակերտները տիրապետեն գերմաներենի այն մակարդակով, որ հետագայում կարողանան ուսանել Գերմանիայում»։ Մինչև տարեվերջ Երևանում ևս կբացվի Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղը, որը Հարավկովկասյան տարածաշրջանում միայն Թբիլիսիում էր։ Երեք երկիր՝ մեկ լեզու։ ՀՀ-ում Գերմանիայի,  Շվեյցարիայի Համադաշնության և Ավստրիայի դեսպանությունները և Հայաստանում ներկայացված գերմանախոս հաստատությունները սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը իրականացնում են «Գերմաներենի շաբաթ» ծրագիրը՝ համերգներ, թատերական ներկայացումներ, ընթերցումներ, դասախոսություններ, տեղեկատվական միջոցառումներ և անգամ ֆուտբոլային բարեգործական մրցաշար Գերմանիայի ազգային տոնի առթիվ։ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերի խոսքով՝ երկրորդ անգամ են մասնակցում Գերմանական շաբաթ միջոցառմանը և տեսնելով հայկական կողմի հետաքրքրվածությունը՝ ուրախ են ջանքեր ներդնել այս ծրագրերի իրագործման համար։ «Դուք անշուշտ գիտեք մեր նախանձելի վիճակը։ Եռալեզու Շվեյցարիան համագործակցում և իր մասնակցությունն է բերում Հայաստանում՝ Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի դեսպանատների կազմակերպած միջոցառումներին։ Մարտ ամսին մասնակցեցինք Ֆրանկոֆոնիային, այժմ՝ Գերմաներենի շաբաթն է, իսկ հոկտեմբերի վերջին՝իտալական մշակույթի շաբաթ ծրագրին ենք մասնակցելու»։ Ավստրիական փոխանակման ծառայության դասախոս Մորից Լենգլախները նախ կիսվեց իր անձնական ուրախությամբ, որ կարողացել է երկարացնել իր աշխատանքային պայմանագիրը Հայաստանի հետ, նաև ուրախ էր, որ Ավստրիական դեսպանատունը ևս իր մասնակցությունը կունենա այս ծրագրին որպես համակազմակերպիչ։ «Մեր գրադարանի տարածքն ենք տրամադրելու որոշ միջոցառումների անցկացման համար»,- ասաց Մորից Լենգլախները։