«Ամեն օր անդամակցում են, ամեն օր էլ դուրս են գալիս ՀՀԿ-ից». ՀՀԿ-ական (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծում է, որ չարաշահումներ թույլ տված բոլոր պաշտոնյաները ենթարկվել են պատասխանատվության։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե իրավապահ մարմինների և լրագրողների գործն է՝ հետևել, որպեսզի խախտումներ արած պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր հարուցվեն։ Պատգամավորը խոսեց նաև ՀՀ տնտեսության մասին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ արտասահմանյան խոշոր ընկերությունները փակվում են կամ ձուլվում այլ ընկերությունների։ Նրա կարծիքով՝ դրա վրա քաղաքական զարգացումները որևէ ազդեցություն չունեն. «Խոշոր տնտեսվարողները միշտ չէ, որ կարողանում են շահույթ ստանալ հատկապես մեր նման փոքր տնտեսություններ ունեցող երկրում, դրա համար էլ փակվում են, վաճառում են իրենց ստեղծածն այստեղ, շահույթ ստանում դրանից և շարունակում իրենց բիզնեսը այլ երկրներում։ Ոչ թե չեն կարողանում շարունակել բիզնեսը, այլ չեն ցանկանում»,-հստակեցրեց նա։ Գագիկ Մելիքյանը խոսեց նաև վերջերս ՀՀԿ-ին անդամակցած 7000 անձանց մասին՝ նշելով, թե դա լրատվամիջոցներն են սենսացիա սարքել։ «Ամեն օր էլ ՀՀԿ-ին անդամակցում են, ամեն օր էլ՝ դուրս գալիս»,-նշեց պատգամավորը՝ դժվարանալով պատասխանել, թե վերջին շրջանում քանի անձ է լքել կուսակցությունը։