Երեւանի «Արարատը» հյուրեր է սպասում Գյումրիից
Այսօր կվերսկսվի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը, որն ընդհատվել էր մեր ազգային հավաքականի խաղերի պատճառով: Մրցաշարի 6-րդ տուրը կմեկնարկի «Ալաշկերտ» - «Միկա» խաղով: Ալաշկերտցիներն այժմ միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ «Միկան» արդեն 7 միավորով ետ է մնում առաջատարից եւ զբաղեցնում է նախավերջին 7-րդ տեղը: Օրվա երկրորդ խաղում միմյանց հետ կհանդիպեն հանրապետության երկու հնագույն ակումբները՝ «Արարատն» ու «Շիրակը»: Արարատցիները հաջող մեկնարկից հետո երկու պարտություն կրեցին եւ նահանջեցին 5-րդ հորիզոնական, իսկ շիրակցիները հինգ խաղից հետո վաստակել են 10 միավոր եւ հետապնդում են մրցաշարի առաջատարին: Այդ իսկ պատճառով բուքմեյքերներն այս խաղում նախապատվությունը տալիս են հենց «Շիրակին»: Տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 13-ին: «Բանանցը» իր հարկի տակ կընդունի «Գանձասար-Կապանին», իսկ հանրապետության չեմպիոն «Փյունիկը» սեփական դաշտում քննության կենթարկի առաջնության ընդգծված ետնապահ «Ուլիսին»: