Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես շատ-շատ թշնամիների ձեռք եմ սեղմել». ՀԱԿ պատգամավորը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
7hTDDJmjCwA

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, իր խոսքերով, շատ թեթեւ է վերաբերվում Սահմանադրական փոփոխությունների շուրջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո իր հասցեին եղած խոսակցություններին, քանի որ, ըստ նրա, այդ խոսակցությունների տակ հիմք չկա. «Իմ գործընկերների մասին ոչ մի վատ բան չեմ ասելու. ես չեմ փորձելու նմանվել իրենց. ես` «կամ լավ, կամ ոչինչ» սկզբունքը պահպանելու եմ, բայց եթե մենք ընդունակ ենք հարգելու իրենց որոշումները, որոնք, ի դեպ, առանց ինձ հետ համաձայնեցնելու են կայացվում, հետեւաբար պարտավոր են հարգելու նաեւ այն որոշումները, որոնք կայացնում է ՎՍՀԴԿ վարչությունը»: «Ա1+»-ի հետ զրույցում նա նաեւ նշեց, որ ոչ մեկը հարյուր տոկոսանոց վստահություն չունի, որ «ոչ»-ի շարժումը կարող է խափանել հանրաքվեն. «Հետեւաբար, ավելի ճիշտ է` ճնշել, բարեփոխել այն նախագիծը, որը ներկայացված է, որից հետո կարելի է նաեւ «ոչ» ասել: Մենք պարտավոր ենք բարեփոխել ներկայացված նախագիծը եւ թույլ չտանք, որ իշխանությունը ներկայացնի այնպես, ինչպես սկզբնական տարբերակում է, որպեսզի եթե նա հասնի հանրաքվեի, արդեն թող ժողովուրդը որոշի` այո, թե ոչ»: Ըստ նրա` բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք «ոչ»-ի շարժման կողմնակիցն են, թող քարոզեն «ոչ»-ը, բայց փորձեն բարեփոխել նախագիծը. «Քանի որ մենք չգիտենք` հանրաքվեի արդյունքում Սահմանադրությունը անցնելո՞ւ է, թե ոչ: Եթե անցնելու է, ուրեմն բոլոր նրանք, որոնք ոչինչ չանելով ընդամենն ասում են` ոչ, մեղսակից են լինելու վատ ընդունված Սահմանադրության համար»: Այն մեղադրանքները, թե Լյուդմիլա Սարգսյանը, Սերժ Սարգսյանին համարելով մարդասպան ու 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի հիմնական մեղավորներից մեկը, այժմ սեղմում է նրա ձեռքը, պատգամավորը վստահեցրեց` հիմա էլ է մեղադրում. «Իսկ ո՞վ ասաց, որ այդ մեղադրանքը հանվել է: Այո, բոլոր նրանք, որոնք իրականացրել են մարտի մեկի սպանդը, վաղ թե ուշ պատասխան են տալու: Շատ-շատերը, հիմա անուններ չեմ ուզում ասել, որոնք ցանկանում էին ինչ-որ հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, եթե դա տեղի ունենար, ես չեմ կարծում, որ ձեռք չէին սեղմելու: Այնպես որ, ձեռք սեղմելը ոչինչ չի նշանակում: Ես շատ-շատ թշնամիների ձեռք եմ սեղմել: Երբ հանդիպում ես մարդուն, հասարակ բարեկրթությունն ուղղակի պահանջում է, որ դու կարողանաս մարդուն ձեռք մեկնել: Իսկ միգուցե այդ ձեռք մեկնելու արդյունքում նաեւ կարող ես ինչ-որ բան փոխել: Ո՞վ ասաց, որ մշտապես միայն մերժելով ինչ-որ բան կարող է փոխվել: Ինչպես տեսնում եք` ոչինչ չի փոխվում: Ուրեմն, պետք է մտածել, թե ինչպես պետք է շարունակել: Խոսքը վերաբերում է այն ընդդիմադիր գործիչներին, որոնք փորձում են բոլորին մեղադրել ու միակ ճշմարտությունն իրենց կողմից է հնչում. թող բարի լինեն հարգել նաեւ այլ կարծիքներ»: