Բացել լրահոսը Փակել լրահոսը
855
A A
Հասարակություն

Երևանում անցկացվում է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Մայիսի 14-ից 16-ը Երևանը հյուրընկալում է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Հանդիսանալով համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից մեկը՝ համաժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ, և կայացվում են որոշումներ Բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող ֆինանսական ոլորտում աննախադեպ այս միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 3000 մասնակիցների 74 երկրներից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ, միջազգային և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ, բիզնես առաջնորդներ և ֆինանսական ոլորտի փորձագետներ: Հայաստանում են գտնվում նաև ՎԶԵԲ-ում 16 երկրի կառավարիչ: Միջոցառումը կարևորագույն հարթակ է երկխոսության, կապերի հաստատման և փոխգործակցության ձևավորման համար՝ խթանելու ՎԶԵԲ գործունեության տարածաշրջաններում տնտեսական զարգացումն ու կայունությունը:

Համաժողովի ընթացքում անցկացվում է բիզնես ֆորում, որին ներկա են գտնվում բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, բանկերի և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ովքեր մասնակցում են պանելային քննարկումների և տարբեր ցանցային միջոցառումների: Պանելային քննարկումներին այս տարի հանդես են գալիս գրեթե 200 բանախոսներ, իսկ ամբողջ աշխարհից առցանց տարբերակով այդ քննարկումներն ունեն ավելի քան 35 000 հետևորդ: Դրանց շրջանակներում փորձագետները կիսում են իրենց տեսակետները այս տարվա հանդիպումների երեք առանցքային թեմաների վերաբերյալ՝ ներառականություն, թվայնացում և կանաչ անցում: Այս թեմաներից յուրաքանչյուրն արտացոլում է ՎԶԵԲ-ի առաքելության էությունը և ցույց է տալիս ժամանակակից բիզնես առաջընթացի դինամիկ պատկերը:

Այսօր տեղի է ունեցել ՎԶԵԲ համաժողովի՝ Հայաստանի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձությունը՝ «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքահեն տնտեսություն, որ գեներացնում է նորարարություն» թեմայով ներդրումային նիստը:

Հայաստանի ներդրումային հեռանկարների նիստը բացառիկ հնարավորություն է՝ բացահայտելու երկրի առավելությունները գործարարությամբ զբաղվելու և

մասնավոր հատվածում ու երկրի ռազմավարական նախաձեռնություններում ներդրումներ կատարելու տեսանկյունից։ Այն նաև լավ առիթ է՝ Հայաստանը դիրքավորելու որպես տեխնոլոգիական ոլորտի տարածաշրջանային առաջատար երկիր: