Հայաստանի հավաքականի ցանկալի եւ անցանկալի մրցակիցները
Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլը դեռ չի ավարտվել, իսկ ահա ՖԻՖԱ-ում արդեն այսօր տեղի կունենա 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Մեր ուշադրության կենտրոնում, բնականաբար, գտնվում է եվրոպական գոտու վիճակահանությունը: ՖԻՖԱ-ն հավաքականներին նախապես բաժանել է վեց զամբյուղներ՝ առաջնորդվելով վարկանիշային աղյուսակով: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է 5-րդ զամբյուղում: Դա նշանակում է, որ մեր թիմին մրցակից չեն կարող դառնալ Կիպրոսի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Ադրբեջանի, Լիտվայի եւ Մոլդովայի ընտրանիները, որոնք նույնպես հայտնվել են նույն զամբյուղում: Ընտրական խմբերը կգլխավորեն Գերմանիան, Բելգիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Ռումինիան, Անգլիան, Ուելսը, Իսպանիան եւ Խորվաթիան: Ելնելով այդ երկրների հնարավորություններից, մեր թիմի համար ցանկալի մրցակից կարելի է համարել Ուելսի հավաքականին: Երկրորդ զամբյուղում ընդգրկվել են Սլովակիան, Ավստրիան, Իտալիան, Շվեյցարիան, Չեխիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Դանիան, Բոսնիան եւ Հերցեգովինան: Այստեղ ընդունելի տարբերակ է Սլովակիան: Երրորդ զամբյուղից լուրջ մրցակիցներ են համարվում Ուկրաինան, Շոտլանդիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեդիան, Սերբիան, Հունաստանը, անցանկալի՝ Ալբանիան, ցանկալի՝ Հյուսիսային Իռլանդիան: Չորրորդ զամբյուղում բարդ կլինի մրցակցել Սլովենիայի, Իսրայելի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի դեմ, անցանկալի հակառակորդ է Թուրքիան, ցանկալի՝ Ֆարերները եւ Էստոնիան: Վեցերորդ զամբյուղում ընդգրկվել են Ղազախստանը, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտայնը, Վրաստանը, Մալթան, Սան Մարինոն եւ Անդորան: Վերջին երկուսն ամենաթույլ մրցակիներն են ցանկացած թիմի համար: Բազմազանության համար ցանկալի կլինի, եթե Հայաստանի հավաքականի մրցակիցներ դառնան Անգլիան, Խորվաթիան, Ավստրիան, Շվեյցարիան, Շոտլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովենիան, Չեռնոգորիան, Ֆարերները, Լիխտենշտայնը, Սան Մարինոն, քանի որ մերոնք դեռեւս չեն հանդիպել այդ երկրների ազգային թիմերի հետ: 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, Երեւանի ժամանակով 19:00-ին: