Եվրոպական նոր քննություններ հայկական ակումբների համար
Հայաստանի ֆուտբոլային ակումբները հերթական քննությունները կհանձնեն Եվրոպայում: Եվրոպայի լիգային մասնակցող մեր երեք թիմերն այսօր որակավորման առաջին փուլում կանցկացնեն պատասխան հանդիպումները: Հանրապետության փոխչեմպիոն Երեւանի «Ուլիսը» սեփական դաշտում կընդունի Մալթան ներկայացնող «Բիրկիրկարային»: Թիմերի առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Դա նշանակում է, որ կողմերը սկսում են զրոյից, եւ ցանկացած խփած գոլը վճռորոշ կարող է լինել: Մասնագետները նախապատվությունը տալիս են «Ուլիսին», քանի որ այն հանդես է գալիս իր հարկի տակ: Գյումրիի «Շիրակը» Բոսնիայում եւ Հերցեգովինայում ուժերը կչափի տեղի «Զրինսկիի» հետ: Առաջին խաղում մեր ֆուտբոլիստները 2:0 հաշվով վստահ հաղթանակ են տարել: Այժմ հարկավոր է նվազագույնը չպարտվել խոշոր հաշվով: Մասնագետները կարծում են, որ «Շիրակն» ի վիճակի է պահպանել երկու գոլի առավելությունը: Եվրոգավաթների նորեկ Երեւանի «Ալաշկերտին» լուրջ փորձություն է սպասվում Շոտլանդիայում, որտեղ մեր թիմը հանդիպելու է տեղի «Սենտ Ջոնստոնի» հետ: Առաջին խաղից հետո մերոնք մեկ գոլի առավելություն ունեն: Մասնագետները գտնում են, որ «Ալաշկերտին» շատ դժվար կլինի պահպանել այդ առավելությունը: Համենայնդեպս, մեր ակումբները լավ հնարավորություն ունեն միասին մտնելու հաջորդ փուլ, ինչը երբեք չի եղել անկախ Հայաստանի ակումբային ֆուտբոլում: