Երեւանում լիցքի վրա կկառուցվի շրջանաձև երթևեկությամբ ճանապարհ
Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրի ընթացքին, որի համաձայն նախատեսվում է երկարացնել Շիրակի փողոցը, ինչպես նաև լայնացնել, վերակառուցել Արտաշատի խճուղին: Վերոնշյալ ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի երկրորդ փուլով իրականացվող վերոնշյալ ճանապարհահատվածի շինարարության շրջանակներում 8-9 մետր բարձրությամբ լիցքի վրա կկառուցվի շրջանաձև երթևեկությամբ ճանապարհ, որը կկապի Արշակունյաց պողոտան Շիրակ փողոցին։ Լիցքի մեջ կկառուցվեն 2 թունելային ուղեանցեր՝ երկաթուղու և Նորագավիթ 1-ին փողոցի երթևեկությունն ապահովելու համար։ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով կկառուցվի 270 մ երկարությամբ և մոտ 9 մ բարձրությամբ էստակադա։ Նշվել է նաև, որ ճանապարհների հանդիպակաց երթևեկելի գոտիները տարանջատվելու են «նյու ջերսի» տիպի երկաթբետոնե կառուցվածքներով։ Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ ճանապարհի կառուցման աշխատանքները կավարտեն նախատեսված ժամկետում: Նաև նշվել է, որ ավտոճանապահի այն հատվածներում, որտեղ առկա են եղել մասնավոր հողատարածքներ կամ գույք, սեփականատերերին տրվել և տրվում է համարժեք փոխհատուցում։ Երեւանի քաղաքապետարան