Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ականատես-1024x576
A A
Պաշտոնական

«Ականատես»-ը կոչ է արել գնահատական տալ ողբերգությանը հանգեցրած պաշտոնյաների գործողություններին

«Ականատես» դիտորդական առաքելությունը դատապարտում և ոչ իրավաչափ է համարում քաղաքացի Ա. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործիքակազմի կիրառումը՝ նախընտրական քարոզչական պաստառ պոկելու դեպքի առնչությամբ, որն ուղղակիորեն հանգեցրել է ողբերգական և անշրջելի հետևանքի՝ հոգեբուժական հաստատությունում անձի ինքնասպանությանը։
 
Քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր նախընտրական քարոզչական պաստառ պոկելու ենթադրյալ արարքի համար։ Այս գործողության հիման վրա նրա նկատմամբ ապօրինաբար նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով։ Գտնվելով ձերբակալվածի կարգավիճակում և պետության անմիջական հսկողության ներքո՝ քաղաքացին մայիսի 16-ին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ մեկ օր անց գրանցվել է վերջինիս մահը՝ ինքնասպանության հետևանքով։
 
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մաս), ինչի շրջանակում նա ենթարկվել է ձերբակալման։ Մինչդեռ, ՀՀ գործող օրենսդրության համաձայն, նախընտրական քարոզչական պաստառ պոկելը կամ վնասելը նախատեսված է որպես վարչական իրավախախտում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածով՝ առաջացնելով վարչական պատասխանատվություն տուգանքի ձևով։
 
Այս պայմաններում քրեական վարույթի նախաձեռնումը և անձի ազատությունից զրկումը առաջացնում է լուրջ հարցեր իրավաչափության, համաչափության և իրավական կանխատեսելիության սկզբունքների պահպանման վերաբերյալ։ Քրեական իրավունքը, որպես վերջին միջոց, չի կարող կիրառվել այնպիսի արարքների նկատմամբ, որոնք օրենսդրի կողմից ուղղակիորեն դասակարգված են որպես վարչական իրավախախտումներ։
 
«Ականատես» դիտորդական առաքելությունը արձանագրում է, որ արարքն՝ իսկզբանե քրեական հանցագործություն չհանդիսանալու պայմաններում, քրեական գործիքակազմի կիրառումը ոչ միայն ոչ իրավաչափ է, այլ նաև կարող է դիտարկվել որպես վարչական ռեսուրսի չարաշահման և իրավապահ համակարգի քաղաքականացված կիրառման դրսևորում՝ հատկապես ընտրական գործընթացների համատեքստում։
 
Նման գործելակերպը վտանգավոր նախադեպ է ստեղծում իրավական պետության, ընտրական գործընթացների ազատության և քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
 
«Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում իրավապահ մարմիններին իրավական գնահատական տալ այս ողբերգությանը հանգեցրած պաշտոնատար անձանց գործողություններին և բացառել այնպիսի իրավակիրառ պրակտիկան, որի պայմաններում գործող օրենսդրությամբ վարչական պատասխանատվություն առաջացնող արարքները կարող են կամայականորեն որակվել որպես քրեական հանցագործություններ և անձանց համար առաջացնել իրավունքների անհամաչափ սահմանափակումներ։
 
«Ականատես» դիտորդական առաքելություն