Բացել լրահոսը Փակել լրահոսը
4b99c5e8-1639-4be8-ae76-04f68891fd59
A A
Մշակույթ Պաշտոնական

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Չինաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Չինաստանում կայանալիք համերգներով։

Մայիսի 23-ին նվագախումբը հրավիրված է մասնակցելու Շանհայի Չենշան երաժշտական փառատոնին՝ Ասիայում անցկացվող ամենամեծ դասական երաժշտության փառատոնին։ Համերգի ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները և հայտնի համաշխարհային դասական գլուխգործոցներ։ Այս տարի լրանում է Խաչատրյանի «Սպարտակ» բալետի 70-ամյակը, այդ առիթով համերգի ծրագրում ներկայացվելու են հատվածներ այս ստեղծագործությունից, ինչպես նաև Խաչատրյանի այլ ստեղծագործություններ:

Փառատոնը յուրաքանչյուր տարի ներգրավում է ավելի քան 10 000 հանդիսատես։ Համերգները հեռարձակվում են առցանց՝ յուրաքանչյուր տարի ունենալով 72 միլիոնից ավելի դիտում։ Փառատոնը լայնորեն լուսաբանվում է միջազգային խոշոր մեդիա հարթակներում:

Նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ չինացի դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Քսիանգ-Դոնգ Կոնգը, որը կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:

Համերգը նպատակ ունի հանրահռչակելու նվագախմբի կատարողական արվեստը և ընդգծելու Խաչատրյանի բացառիկ ներդրումը համաշխարհային երաժշտարվեստում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երկրորդ համերգը կկայանա մայիսի 24-ին Ֆուջիանի մեծ թատրոնում։ Համերգները կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։