Բացել լրահոսը Փակել լրահոսը
Blank 12 Grids Collage
A A
Քաղաքականություն

Պրովոկացիա՞, թե՞ իրական սպառնալիք․ ՀՀ գործիչները՝ համացանցում տարածված տեսանյութի մասին

Մի շարք քաղաքական գործիչներ անդրադարձել են այսօր համացանցում տարածված «դիմակավորների տեսանյութին», որում Արցախի բարբառով մարդիկ սպառնալիքներ էին հնչում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։
 
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի խոսքով՝ ցանկացած բռնություն բացարձակապես անընդունելի է։ 
 
«Տարածված տեսանյութի հետ կապված պետք է անհապաղ քննություն իրականացվի, բացահայտվի, բայց պետք է պարզվի նաև՝ արդյո՞ք սա պրովոկացիա է, և արդյո՞ք այս իշխանությունները չեն կազմակերպել այն, որովհետև նրանք հաճախ թիրախավորում են արցախցիներին»,- նշել է Արման Թաթոյանը։
 
«Միասնության թևերի» կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանն իր հերթին նշել է, որ նախկինում ևս եղել են դեպքեր, երբ հրապարակված տեսանյութերը հետագայում փորձաքննությամբ ճանաչվել են կեղծ կամ մանիպուլյատիվ։


Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին՝ այն որակելով «իշխանությունների կազմակերպած բեմադրություն»։
 
«Այսօրվա ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը վստահաբար իշխանությունների կազմակերպած բեմադրությունն է, որպեսզի Փաշինյանն ատելության ու բռնաճնշումների նոր չափաբաժին ապահովի արցախցիների և ընդդիմադիրների հանդեպ: Եվ Փաշինյանի ու նրա խմբակի օպերատիվ ու ատելությամբ լեցուն արձագանքները չուշացան»,- ասել է նա:
 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը խստորեն դատապարտել է բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում։ Նա նշել է, որ բացահայտումը կարևոր է փարատելու համար հանրության շրջանում տարածված այն կասկածները, թե տեսանյութի տարածման հետևում կարող են կանգնած լինել իշխանական շրջանակներ։ 

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ սա քարոզչական տակտիկա է։ 
 
«Չեմ հավատում, վիճարկում եմ, սա ընտրություններին ընդառաջ՝ հասարակությանը բևեռացնելու միջոց է։ Մի խաբնվեք, եթե այդ ահաբեկչական խումբն իրական է, թող բռնեն»,- ասել է նա։