Շենգավիթում եւ Վանաձորում կգործի պրոբացիոն պիլոտային ծրագիրը (տեսանյութ)
Այսօրվանից Շենգավիթ վարչական շրջանում եւ Վանաձորում կգործի պրոբացիոն համակարգի պիլոտային ծրագիրը։ «Հատուկ այդ տարածքների հետ կապված առանձնահատկություն չկա, ուղղակի մեր կադրային հագեցվածությունը հաշվի առնելով՝ ավելի նպատակահարմար գտանք այդ երկու տարածքները»,- ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Այլընտրանքային պատիժների համապատասխան ստորաբաժանման շուրջ 20 ծառայողներ անցել են համապատասխան վերապատրաստում։ Ծառայողներն աշխատելու են 4 փուլերով՝ մինչդատական, դատական, պերինտեցիալ՝ պատժի կատարման եւ հետպերինտեցիալ փուլերում։ Արդարադատության նախարարի խոսքերով՝ համակարգի ներդրման ժամանակ շատ են եղել ընդդիմախոսները, թե այն չի աշխատի, երկիրը պատրաստ չէ. «Երկիրն էլ է պատրաստ, ժողովրդի մենթալիտետն էլ է շատ լավը, ինչքան աշխատենք, լավ գործեր անենք, այնքան մենթալիտետը ավելի կլավանա։ Դա շատ նման է այն դեպքին, երբ երեխան ջուրը առաջին անգամ է տեսնում, բնականաբար լողալ չգիտի եւ ջրից վախենում է, պատրաստ չէ։ Բայց դա չի նշանակում, որ երեխային ջուրը չպետք է գցես, հենց գցեցիր, սկսեց ջրի վրա լավ զգալ, հետո հանելն է դժվարանում, դրա համար չպետք է վախենալ, պետք է սկսել եւ գնալ առաջ»,- նշեց Հովհաննես Մանուկյանը։ 2016 թ-ի հունվարից նախատեսվում է պրոբացիոն ծառայությունը ներդնել երկրով մեկ։ Ի դեպ, ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի կառավարության եւ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։ Պրոբացիա թարգմանաբար նշանակում է փորձաշրջան կամ փորձություն։ Պրոբացիոն համակարգը համարվում է հանցագործություն կատարած անձի ուղղման լավագույն միջազգային մոդելը. հանրային աշխատանք, տնային կալանք՝ էլեկտրոնային մոնիթորինգի հնարավորությամբ։ Այս դեպքում կկիրառվեն հատուկ շղթաներ՝ մեղադրյալին վերահսկելու համար։