«Թուրքիայում ամեն կուսակցություն ուզում է, որ իր մոտ մի հայ լինի» (տեսանյութ)
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը անձամբ է հետևել Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին։ Քվեարկության օրն, ըստ նրա, անցել է բավականին լարված մթնոլորտում։ «Նույն հանձնաժողովի նախագահն իր հետ իշխող կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկներ էր փորձում գցել քվեատուփը, տեղերում հայտնի էր դարձել, որ սիրիացի գաղթականները , ովքեր , բնականաբար, ընտրելու իրավունքը չունեին, գնում էին ընտրության ու արդեն իսկ իշխող կուսակցության օգտին քվեարկած թերթիկներով մասնակցում քվեարկությանը, և նույնիսկ ոստիկան էր բռնվել, ով փորձել էր երրորդ անգամ քվեարկել։ Այսինքն նման շատ խախտումներ տեղի ունեցան, բայց դա մեծ հաշվով չազդեց ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց թուրքագետը։ Մարգար Եսայան, Կարո Փալյան և Սելինա Օզուզուն. ազգությամբ հայ այս երեք թեկնածուները ևս ընտրվեցին թուրքական մեջլիսի պատգամավոր։ Թուրքիայի կողմից իրական ժողովրդավարական մղումնե՞ր, թե՞ հերթական ձևական ժեստ՝ ուղղված միջազգային հանրությանը։ Այս համատեքստում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նկատում է. «Ընդամենը 60.000 ազգաբնակչություն ունեցող ժողովուրդը թուրքական պառլամենտում ունենում է երեք հոգի՝ դա նշանակում է, որ այնպիսի մթնոլորտ է ձևավորված Թուրքիայում, որ ամեն մի կուսակցություն ուզում է, որ անպայման մի հայ լինի իր կուսակցությունում։ Այդ մթնոլորտի փոփոխության արդյունքում թուրքական պառլամենտը կկարողանա հաղթահարել նախկին բարդույթները և իսկապես փոխել վերաբերմունքը հայկական խնդիրների վերաբերյալ»։ Թե արտաքին, թե ներքին քաղաքականության մեջ ի՞նչ քայլեր կարող ենք ակնկալել թուրքական խորհրդարանում ներկայացված ազգությամբ հայ պատգամավորներից։ «Թուրքիայում ապրող հայից պահանջել , որ նա պետք է դատապարտի թուրքերին, դա ուղղակի անմեղսունակություն կընկալվի։ ՀՀայոց ցեղասպանությունը կճանաչվի ոչ թե այն բանի պատճառով, որ Մարգար Եսայանը շատ կխոսի դրա մասին, այլ երբ որ թուրքական հասարակությունը կդառնա դեմոկրատական»,- շեշտում է Երվանդ Բոզոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։