Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գերմանիա
A A
Քաղաքականություն

Գերմանիան սահմանափակում է մինչև 45 տարեկան տղամարդկանց ելքը երկրից

Գերմանիայի կառավարությունը խստացրել է վերահսկողությունը զինապարտ տարիքի տղամարդկանց տեղաշարժի նկատմամբ։ Համաձայն զինվորական ծառայության մասին նոր օրենքի՝ 17-ից 45 տարեկան տղամարդիկ այսուհետ պետք է հատուկ թույլտվություն ստանան արտերկրում երկարաժամկետ բնակության համար։

Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարության պաշտոնական պարզաբանմանը։

Հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության արդիականացման մասին» օրենքի համաձայն՝ նշված տարիքային խմբի տղամարդիկ պարտավոր են նախնական թույլտվություն ստանալ, եթե պատրաստվում են Գերմանիայից բացակայել երեք ամսից ավելի ժամկետով։

Թեև օրենքը նախատեսում է, որ սովորական պայմաններում նման թույլտվությունները պետք է տրամադրվեն առանց խոչընդոտների, սակայն դեռևս հստակեցված չէ, թե ինչպես է գործընթացը վերահսկվելու և ինչ պատժամիջոցներ են կիրառվելու օրինախախտների նկատմամբ։

Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունը պարզաբանել է, որ այս քայլն ուղղված է երկրի պաշտպունակության ամրապնդմանը՝ հաշվի առնելով Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո ստեղծված սպառնալիքները։

«Արտակարգ իրավիճակների դեպքում մենք պետք է իմանանք, թե ով կարող է երկար ժամանակով գտնվել արտերկրում»,— նշել է նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ նպատակը «զինվորական հաշվառման հուսալի և արդյունավետ համակարգի ապահովումն է»։

Գերմանիայի իշխանությունները վստահեցնում են, որ այժմ մշակվում են բացառությունների վերաբերյալ կանոնները, որպեսզի խուսափեն «ավելորդ բյուրոկրատիայից»։ Միաժամանակ շեշտվում է, որ այս փոփոխությունները հիմնված են դեռևս 1956 թվականին ընդունված «Զինվորական պարտավորության մասին» օրենքի վրա, որի վերջին խոշոր փոփոխությունն իրականացվել էր անցյալ տարվա դեկտեմբերին։

Չնայած զինվորական հաշվառման խստացմանը՝ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ պարտադիր զինվորական զորակոչի վերականգնում այս պահին չի նախատեսվում։