«Ժառանգությունը» չի մասնակցի ընտրություններին՝ սատարելով Սամվել Կարապետյանի շուրջ համախմբմանը
Աջակցիր «Ա1+»-ին«Ժառանգություն» կուսակցությունը որոշել է չմասնակցել հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին։ Այս մասին կուսակցությունը հաղորդագրություն է տարածել։
«Հիմք ընդունելով ազգային-ազատական արժեբանական դրույթները, հենվելով ծավալած գործունեության և հրապարակված քաղաքական հայտարարությունների վրա, արժևորելով «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրային խոսքն ու միջազգային հարթակներում կատարած հետևողական աշխատանքը՝ արձանագրում ենք:
Ա. Հայաստանի Հանրապետությունն ակնհայտ գոյութենական աղետի եզրին է՝ շարունակական տխեղծ հայրենատվության, նսեմացած ազգային ինքնագիտակցության և նպատակների, արդեն երեք տարի հայրենազրկված Արցախի, մեր ինքնության կարևորագույն վեմի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ոտնահարված իրավունքների, կորսված ու խեղված տասնյակ հազարավոր ճակատագրերի, միասնության՝ խաթարված, անարժեք, արհեստական համակարգերի տեղապտույտից այսդին:
Վերոընդգծյալը՝ և ոչ միայն, արդյունք և հետևանք է տակավին իշխող խմբակի անկարող անգործության, իսկ արդեն վերջին շրջանում` ակնհայտ հանցավոր, ժողովրդավարական արժեքների հետ աղերս չունեցող գործունեության: Սեփական վերարտադրության անասնական մոլուցքը տրորել է ամենը, ինչը կարևոր է՝ ժամանակը, ինքնությունը, ազգային միասնությունը, հավատը և արժանապատվությունը:
Բ. Պատուհասած գոյաբանական աղետը մինչև գալիք համապետական ընտրությունների պաշտոնական մեկնարկը մեզնից և քաղաքական տիրույթի հանձնառու միավորներից պահանջում է.
- հստակ մշակված, քաղաքական ճշգրիտ հաշվարկված հակազդեցության գործողություններ Հայրենիք-Սփյուռք համերաշխության պատվարի ներքո՝ համազգային համախմբման աներկբա արտահայտում,
- հայրենատվության հերթական արարների բացառման, արժանապատիվ խաղաղության և ստեղծարար-կենարար աշխատանքի համար համաշխարհային ամբողջական ռեսուրսների ներառում,
- հայկական Արցախում մեր հայրենակիցների անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված ապրելու իրավունքի առաջմղում:
Գ․ Մերժելով պետականության կազմաքանդմանն ուղղված քաղաքականությունը, հետամուտ՝ հայ մարդու և հայկականության խնդիրներին՝ «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է․
Չմասնակցել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին։
Հաշվի առնելով ներքաղաքական առկա դասավորվածությունը, գնահատելով կուսակցության քաղաքական կապիտալն ու ռեսուրսները՝ աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը՝ բացառելով անգամ աննշան մեղսակցությունը ազգակործան աննախադեպ արհավիրքի վերարտադրմանը:
Պատասխանատու ենք և պարտական՝ հային, հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը»: