Բացել լրահոսը Փակել լրահոսը
01KN9P4YQS5R4PNTMAGMY9N804-large
A A
Հասարակություն

ՀԿ-ները պահանջում են անհապաղ վերացնել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը

Մի շարք հասարակական կազմակերպություններ պահանջում են անհապաղ վերացնել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը՝ այն գնահատելով որպես անհամաչափ և կամայական որոշում․ նրանք նաև կոչ են անում ապահովել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի անկախ քննություն և չխախտել երիտասարդի անմեղության կանխավարկածը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք և մեր մտահոգությունն ենք հայտնում Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ 2026 թ. մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի արդյունքում հարուցված քրեական վարույթով Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը» հանցակազմերով։

Նրա նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից կիրառվել է կալանավորումը որպես խափանման միջոց՝ երկու ամիս ժամկետով։ Դավիթ Մինասյանը 18 տարեկան է, դեռևս դպրոցական։ Ծնողի ու փաստաբանների հրապարակած տեղեկությունների համաձայն՝ նա ունի առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի։ Նման պայմաններում կալանավորումը նրա նկատմամբ ընտրվել և կիրառվում է կամայականորեն՝ առանց բավարար հիմնավորման և համաչափության սկզբունքի պահպանման` որպես պատիժ, ինչպես նաև վախի մթնոլորտ տարածելով հասարակության շրջանում։

Ավելին, անազատության մեջ գտնվելու երկու օրվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, Դավիթը կորցրել է գիտակցությունը, ունեցել շնչահեղձություն։ Ներկայումս գտնվում է Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Հաշվի առնելով վերոգրյալը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պարտավորությունները, այդ թվում՝ ազատության իրավունքի և անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի ապահովման հրամայականը, ինչպես նաև կրթության իրավունքի պատշաճ ապահովման անհրաժեշտությունը՝ պահանջում ենք. ՀՀ գլխավոր դատախազից՝ Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը։

ՀՀ քննչական կոմիտեից և դատախազությունից՝ իրականացնել Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի անկախ, անաչառ քննություն՝ երաշխավորելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները, ինչպես նաև իրականացնել միջադեպի բազմակողմանի քննություն՝ պարզելով միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ Դավիթ Մինասյանի ենթադրյալ արարքին նախորդող հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև քրեաիրավական գնահատական տալով վարչապետ Փաշինյանի անվտանգությունն ապահովող ՊՊԾ ծառայողի կողմից Դավիթ Մինասյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության դրվագին, Հանրային պաշտոն զբաղեցնող բոլոր անձանցից՝ ձեռնպահ մնալ Դավիթ Մինասյանի անմեղության կանխավարկածը խախտող, վիրավորական և արժանապատվությունը ոտնահարող հանրային խոսքից»։

Հայտարարությունը միացել են՝

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Արդարության նոր մշակույթ ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
Երևանի մամուլի ակումբ Հանրային լրագրության ակումբ
«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ Դիգնիթի ՀԿ