A
A
Վիկ Դարչինյանը չդիմացավ մրցակցի հարվածներին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին չհաջողվեց նվաճել WBA վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոնի կոչումը: Ամերիկյան Կարսոն քաղաքում կայացած չեմպիոնական մենամարտում մեր 39-ամյա բռնցքամարտիկը պարտվեց 28-ամյա արգենտինացի Խեսուս Կուելարին: Սկզբում Վիկ Դարչինյանն ավելի ակտիվ էր եւ մի քանի դիպուկ հարվածներ հասցրեց մրցակցին: Սակայն հանդիպման կեսից զգացնել տվեց մրցակցի ֆիզիկական առավելությունը: Ութերորդ ռաունդում Կուելարը նոկդաունի ենթարկեց Դարչինյանին: Դրանից հետո մեր բռնցքամարտիկն այլեւս չէր տիրապետում իրավիճակին, իսկ արգենտինացին անընդհատ նոր ծանր հարվածներ էր հասցնում: Արդյունքում, գլխավոր մրցավարը ստիպված ընդհատեց մրցամարտը եւ հաղթանակ շնորհեց Կուելարին: