Հայաստանի շախմատը 8-րդն է իր վարկանիշով
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների դասակարգման հերթական աղյուսակները: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը դասական շախմատի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը` 2776 միավոր: Նա ուղիղ 100 միավորով ետ է մնում թիվ 1 շախմատիստ, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից: Արագ շախմատի աղյուսակում Լեւոն Արոնյանը 5-րդ տեղում է: Այստեղ առաջատարը ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան է: Բլիցի վարկանիշային ցուցակում մեր շախմատիստն արդեն 7-րդն է: Առաջինը կրկին Մագնուս Կառլսենն է: Ի դեպ, վարկանիշային երեք աղյուսակների առաջին տասնյակներում ընդգրկված են միայն չորս շախմատիստներ: Դրանք են Մագնուս Կառլսենը, Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը եւ Լեւոն Արոնյանը: Երկրների վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 8-րդ տեղը: Առջեւում են Ռուսաստանը, Չինաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հնդկաստանը եւ Հունգարիան: