Ծանր հիվանդությունը մեզնից խլեց Վարդան Միլիտոսյանին
Ծանր հիվանդությունից հետո երեկ ուշ երեկոյան իր մահկանացուն է կնքել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ, անվանի ծանրորդ Վարդան Իշխանի Միլիտոսյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Վարդան Միլիտոսյանը ծնվել էր 1950թ. հուլիսի 8–ին, Լենինականում: Զինծառայության ժամանակ նա սկսել է մարզվել ԽՍՀՄ անվանի ծանրորդ եւ մարզիչ Հակոբ Ֆարաջյանի գլխավորությամբ: Վարդան Միլիտոսյանը շուտով հրավիրվել է ԽՍՀՄ հավաքական, որի կազմում 75 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976թ): Նա սահմանել է աշխարհի հինգ ռեկորդ: Հենց նրա շնորհիվ Հայաստանում վերածնունդ է ապրել ծանրամարտը: Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո (1980թ) մեծանուն վարպետը աշխատանքի է անցել հարազատ քաղաքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցում` որպես մարզիչ: Նրա հետքերով գնացած եղբորորդի Իսրայել Միլիտոսյանը դարձել է աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, ինչպես նաեւ օլիմպիական խաղերի արծաթե (1988) եւ ոսկե (1992) մեդալակիր: Վերջին տարիներին, սոցիալ տնտեսական պայմաններից ելնելով, Վարդան Միլիտոսյանը վարորդություն էր անում` սեփական տաքսիով կտրել-անցնելով ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի եւ Ռուսաստանի ճանապարհները: