Տիգրան Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր առաջին ոսկե մեդալը նվաճեց Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում: 77 կգ քաշային կարգի ծանրորդների մրցապայքարում հիմնականում տոն տվեցին մեր երկու ծանրոդները՝ Տիգրան Մարտիրոսյանը եւ Անդրանիկ Կարապետյանը: Վերջինս 164 կգ արդյունքվ հաղթեց պոկում վարժությունում եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի: Աշխարհի նախկին չեմպիոնը գրավեց երկրորդ տեղը՝ 160 կգ: Հրում վարժությունում Տիգրան Մարտիրոսյանը 191 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Այդպիսով, նա եւ ռուսաստանցի Վիկտոր Գետցը երկամարտում ցույց տվեցին միեւնույն 351 կգ արդյունք, սակայն անձնական քաշով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց հենց մեր ծանրորդը: Անդրանիկ Կարապետյանը, ավաղ, չկարողացավ պահպանել 4 կիլոգրամանոց առավելությունը եւ ի վերջո 350 կգ արդյունքով երկամարտում զբաղեցրեց մրցանակային երրորդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: