Հայաստանի շախմատիստները կպայքարեն գումարի համար
Դուբայում ընթացող շախմատի բաց առաջնությունում Հայաստանի շախմատիստները դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից: Նախավերջին 8-րդ տուրից առաջ բոլորից լավ արդյունք ուներ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որը հաղթանակի դեպքում դեռ կարող էր հավակնել առաջին երեք տեղերին: Սակայն մեր շախմատիստը պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Շիմանովին և 5 միավորով իջավ 28-րդ հորիզոնական: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Մանուել Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը եւ Տիգրան Հարությունյանը: Մեր շախմատիստները նվազագույնը կարող են պայքարել 6-18-րդ տեղերի համար, որոնք գումար վաստակելու հնարավորություն են տալիս: Հաղթողի կոչման համար կպայքարեն 5, այդ թվում Ադրբեջանի եւ Թուրքիայի մեկական շախմատիստ, որոնք 8 տուրից հետո վաստակել են 6,5-ական միավոր՝ մեկուկեսով ավելին, քան մերոնք: