Շախմատի Հայաստանի չեմպիոնն անտեսվեց
Հայաստանի շախմատի ֆեդերացիան այս տարի անտեսեց հանրապետության չեմպիոնին: Դա պարզ դարձավ, երբ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը հրապարակեց թիմի կազմը, որը մասնակցելու է շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությանը: Այդ մրցաշարին ՀՇՖ-ն հայտավորել է հետեւյալ շախմատիստներին` Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Հրանտ Մելքումյան: Դա նշանակում է, որ 2015 թվականի Հայաստանի չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը չի ընդգրկվել հավաքականի կազմում, ինչն արվում էր նախորդ տարիներին, եւ հնարավորություն չի ստացել իր ուժերը փորձել ազգային թիմում: Ի դեպ, վերջերս կայացած շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում հանդես եկան այդ երկրի բոլոր ուժեղագույն շախմատիստները: Իսկ ահա մեր շախմատային ֆեդերացիան ամեն տարի արտոնություն է տալիս հավաքականի անդամներին եւ նրանց ազատում է հանրապետական ստուգատեսից` նրանց դարձնելով անփոխարինելի: Հիշեցնենք, որ շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը տեղի է ունենալու ապրիլի 18-29-ը, Ծաղկաձորում: