Հայաստանի առաջնությունում ընդմիջում է հայտարարվել
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում երկշաբաթյա ընդմիջում է հայտարարվել: Պատճառն այն է, որ առաջիկա օրերին իրենց հերթական խաղերն են անցկացնելու մեր հավաքականները: Հայաստանի ազգային թիմը մարտի 29-ին Եվրո-2016-ի շրջանակում Ալբանիայում կմրցի այդ երկրի ընտրանու հետ, իսկ մեր երիտասարդականը մարտի 25-ին ընկերական խաղ կանցկացնի Լատվիայի այդ տարիքային հավաքականի հետ: Հայաստանի առաջնության 19-րդ տուրից հետո աղյուսակը վստահ գլխավորում է Երեւանի «Փյունիկը», որն իր վերջին խաղում հյուընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց հանրապետության չեմպիոն «Բանանցին»: Իսկ ահա երկրորդ տեղում ընթացող Երեւանի «Ուլիսը» այս տուրում 0:1 նվազագույն հաշվով զիջեց «Ալաշկերտին» եւ արդեն 4 միավորով ետ է մնում առաջատարից: Մրցանակային եռյակը եզրափակող Գյումրիի «Շիրակը» խնդիրներ չունեցավ Կապանի «Գանձասարի» հետ տնային խաղում և վստահ հաղթանակ տարավ` 2:0: Գյումրեցիներն այժմ «Ուլիսին» զիջում են 4 միավորով: Այս տարի իր անդրանիկ հաղթանակը տոնեց Երեւանի «Միկան», որը արտագնա խաղում 1:0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Վերջինս շարունակում է իր անհաջող ելույթները եւ բավական ետ է մնում անգամ նախավերջին 7-րդ տեղում գտնվող «Բանանցից»: Առաջնությունը կվերսկի ապրիլի 4-ին: 20-րդ տուրում «Փյունիկը» կհյուրընկալի «Արարատին», «Ուլիսը»` «Միկային», «Գանձասար Կապանը»` «Բանանցին», իսկ «Ալաշկերտը»` «Շիրակին»: