Գագիկ Ծառուկյանը դեռ որոշում չի կայացրել
«Ես՝ որպես միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, համաձայն եմ, որ մեր մարզիկները մասնակցեն 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին: Բայց քանի որ չլուծված լուրջ հարցեր կան, ես պետք է անպայման քննարկեմ այն մեր մարզիկների, մարզիչների, հանրության,հետ, որ կարողանանք միասին որոշում կայացնել» - այսօր կազմակերպված եռակողմ մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ասուլիսին մասնակցում էին նաեւ ՀԱՕԿ-ի նախագահի կողմից Հայաստան հրավիրված Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Վերջինս այդ հարցի կապակցությամբ ասաց, որ ԵՕԿ-ը պատրաստ է Հայաստանին տալ համապատասխան երաշխիքներ Բաքվում Եվրոխաղերին անվտանգ մասնակցելու համար: «Հայաստանը Եվրոպայի օլիմպիական ընտանիքի 49 անդամներից մեկն է եւ մենք ցանկանում ենք, որ նա մասնակցի Եվրոպական խաղերին: Սակայն եթե ձեր մարզիկները հրաժարվեն մեկնել Բաքու, ապա նրանցից ոչ մեկին ոչ մի պատիժ չի սպառնում ԵՕԿ-ի կամ տարբեր սպորտաձեւերի միջազգային ֆեդերացիաների կողմից» - ասաց Պատրիկ Հիկեն: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը նշեց, որ իրենք ամեն ինչ անում են սպորտը քաղաքականությունից հեռու պահելու համար, ինչը բխում է հենց օլիմպիական խարտիայից: