Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արենիում կրկին գինու տոն է․ ինչ է սպասվում հոկտեմբերի 3-ին (տեսանյութ)

Հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Արենիում կանցկացվի Արենի գինու փառատոնը՝ արդեն 19-րդ անգամ։ Փառատոնը, որը տարիների ընթացքում դարձել է Հայաստանի ամենաճանաչելի իրադարձային զբոսաշրջային միջոցառումներից մեկը, այս տարի կմեկնարկի ժամը 11:00-ին, իսկ խաղողի ճզման խորհրդանշական արարողությունը նախատեսված է ժամը 13:00-ին։


Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մամուլի խոսնակ Անահիտ Բաղդասարյանի խոսքով՝ կոմիտեն այս տարի աջակցում է 12 փառատոնի, որոնցից 10-ն արդեն անցկացվել են, իսկ առաջիկայում նախատեսված երկու միջոցառումներից մեկը Արենի գինու փառատոնն է։ Նրա խոսքով՝ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն Հայաստանի բնակիչների, այլև արտերկրից ժամանող զբոսաշրջիկների շրջանում։
 
«Շատ զբոսաշրջիկներ հենց այդ փառատոնի համար են գալիս Հայաստան»,- նշում է Բաղդասարյանը՝ ընդգծելով նաև լրագրողների և ինֆլուենսերների հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ։

19 տարվա ընթացքում՝ տնական գինուց մինչև զարգացող գինեգործություն

«Էվենտուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը նշում է, որ Արենի փառատոնի հիմնական նպատակներից մեկը հայկական գինու և Արենի խաղողի սորտի հանրահռչակումն է, ինչպես նաև Վայոց ձորի՝ որպես գինեգործական համայնքի ներկայացումը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին նկատելի փոփոխություն է տեղի ունեցել նաև գինեգործների շրջանում․ նախկինում տնական գինի արտադրողները աստիճանաբար անցնում են շշալցման, փաթեթավորման և որակի բարձրացման գործընթացին։ Փառատոնը հնարավորություն է տալիս այցելուներին ծանոթանալ հատկապես Վայոց ձորի նոր և գործող գինի արտադրողների արտադրանքին։

Այս տարի փառատոնում կներկայացվի շուրջ 25 գինի արտադրող, մինչդեռ Հայաստանում ընդհանուր առմամբ, ըստ Մանուկյանի ներկայացրած տվյալների, կա մոտ 250 գինի արտադրող։

Բացի գինուց, այցելուներին սպասվում են գաստրոնոմիական միջոցառումներ, լավաշի և գաթայի պատրաստման ցուցադրություններ, արհեստագործական տաղավարներ, երաժշտական և պարային ելույթներ։

Փառատոնը՝ նաև համայնքների տնտեսական զարգացման գործիք

Մանուկյանի խոսքով՝ նման միջոցառումները միայն մեկօրյա ժամանցային ծրագրեր չեն։ Դրանք նպաստում են համայնքների ճանաչելիության բարձրացմանը, հյուրատների, գինետների և գաստրոբարերի զարգացմանը, ինչպես նաև ներքին զբոսաշրջության ակտիվացմանը։

Նրա խոսքով՝ Արենիում վերջին տարիներին ավելացել են նոր հյուրատները, փոքր գինետներն ու գաստրոբարերը, իսկ համայնքի ճանաչելիության աճը նպաստել է նաև ներդրումների ներգրավմանը և նոր գինեգործարանների ու խաղողի այգիների ստեղծմանը։

Մանուկյանը նաև ընդգծում է, որ փառատոնի հստակ ամսաթիվը կարևոր է զբոսաշրջային շուկայի համար։ Արենի գինու փառատոնը մշտապես անցկացվում է հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, ինչը հնարավորություն է տալիս տուրօպերատորներին և զբոսաշրջիկներին այցերը նախապես պլանավորել։

Այս փառատոնը հայկական զբոսաշրջային բրենդ է

Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Արենի գինու փառատոնը բնութագրում է որպես հայկական փառատոնային համակարգի հիմնադիր միջոցառումներից մեկը։

Նրա խոսքով՝ փառատոնների նշանակությունը շատ ավելի լայն է, քան մեկ օրվա միջոցառման կազմակերպումը։ Դրանք նպաստում են զբոսաշրջային արդյունքի և շուկաների դիվերսիֆիկացմանը, զբոսաշրջության ապակենտրոնացմանը՝ Երևանից դեպի մարզեր, ինչպես նաև համայնքների տնտեսական ակտիվացմանն ու պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը։

Ապրեսյանի խոսքով՝ տարիների ընթացքում Արենի գինու փառատոնը դարձել է Հայաստանի զբոսաշրջային բրենդներից մեկը։ Կարևոր է միջոցառման կայունությունը և դրա հստակ օրացուցային ամրագրումը, քանի որ միջազգային զբոսաշրջիկները նման միջոցառումները կարող են պլանավորել նույնիսկ մեկ տարի առաջ։

Անցյալ տարի՝ շուրջ 30 հազար այցելու

Նախորդ տարվա տվյալներով՝ փառատոնի ընթացքում Արենի է այցելել մոտ 28-30 հազար մարդ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ այս տարի ևս այցելությունների մոտավորապես նույն մակարդակը պահպանելու ակնկալիք կա։

Միջազգային այցելուների թվում արդեն կան Ռուսաստանից և Վրաստանից ժամանողների արձագանքներ, ինչպես նաև Իտալիայից և Գերմանիայից խմբեր։ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի տուրօպերատորների մեծ մասը Արենին անպայման ներառում է իր զբոսաշրջային փաթեթներում։ Մանուկյանը նշում է՝ հիանալի է, որ քարանձավը ճանաչելիություն է ձեռք բերել։

Զբոսաշրջության կոմիտեն նախատեսել է նաև Երևանից երկու ավտոբուսային երթուղի, որոնց տեղերը, ըստ կազմակերպիչների, սովորաբար արագ են սպառվում։

Արենիի 20-ամյակին ընդառաջ

Կազմակերպիչները ցանկանում են առաջիկա տարիներին ընդլայնել փառատոնի տարածքն ու ծրագիրը։ Մանուկյանի խոսքով՝ նպատակ կա միջոցառումները տարածել Արենիի տարբեր փողոցներում և թաղամասերում՝ փառատոնը դարձնելով ավելի ընդգրկուն։

Այս տարվա փառատոնը, սակայն, առանձնահատուկ է նաև մեկ այլ առումով․ այն նախորդում է Արենի գինու փառատոնի 20-ամյակին, որի կապակցությամբ կազմակերպիչները նախատեսում են ավելի մասշտաբային ծրագիր։

Փառատոնը միաժամանակ ներկայացնում է հայկական գինու մշակույթը, տեղական խոհանոցը, Վայոց ձորի արտադրողներին և համայնքային կյանքը՝ Արենին դարձնելով ոչ միայն գինու, այլև մշակութային և զբոսաշրջային կարևոր ուղղություն։