Պատիժ՝ ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ պատիժ է նշանակվել։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը նրա նկատմամբ 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակում է կիրառել։ Հասարակական- քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի վրա դրվել է պարտականություն՝ առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չի կարող փոխել բնակության վայրը։
Ռուբեն Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու համար:
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Ռուբեն Հակոբյանը ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն՝ հայտնելով, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, ամբողջությամբ համաձայն է ներկայացված մեղադրանքի հետ։
Հիշեցնենք, որ արագացված վարույթը քրեական դատավարությունում հատուկ, պարզեցված ընթացակարգ է, որը թույլ է տալիս դատական քննությունն իրականացնել առանց ապացույցների ընդհանուր կարգով հետազոտման, եթե մեղադրյալն ամբողջությամբ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը։
Այս վարույթի հիմնական նպատակն է խնայել դատական ռեսուրսները eu ժամանակը՝ դրա դիմաց մեղադրյալին առաջարկելով պատժի կրճատում։
Դատարանը գտել է, որ Ռուբեն Հակոբյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք պետք է դիտել ներկայացված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը եւ կատարած արարքի համար զղջալը , իսկ որպես անձը բնութագրող հանգամանք՝ նախկինում դատապարված չլինելը, ամուսանացած լինելը եւ առողջական խնդիրներ ունենալը։ Դատավճիռն արդեն մտել է օրինական ուժի մեջ եւ չի բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան։