Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը փոխանցել է կոդ՝ նախատեսված հնարավոր առևանգման դեպքերի համար
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայից Թել Ավիվ թռչող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, նախնական տվյալներով, կարող էր առևանգված լինել անհայտ անձանց կողմից, գրում են իսրայելական ԶԼՄ–ները։
Անձնակազմը օդանավի առևանգման կոդ է փոխանցել։ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները օդ են բարձրացվել։ Ինքնաթիռում մոտ 180 մարդ կա։
Ավելի ուշ, սակայն, հայտնի է դարձել, որ Flydubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ ինքնաթիռի առևանգման վերաբերյալ ահազանգից հետո։
Նախնական տվյալներով՝ իրավիճակի պատճառը դարձել է ընդամենը վեճը երկու օդաչուների միջև։ Թռիչքի ընթացքում երկու օդաչուները վիճել են, ինչից հետո անձնակազմը օդանավի առևանգման կոդ է փոխանցել։
Իսրայելական «Channel 12»-ը հայտնել էր, որ օդաչուներից մեկը եղել է ՌԴ-ից, մյուսը՝ Ուկրաինայից։ CNN-ը, սակայն, հերքել է իսրայելական ԶԼՄ-ի տեղեկությունները, նշելով, որ օդաչուներից մեկն Օմանի քաղաքացի է։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ Իսրայելի իշխանությունները կարծում են, որ միջադեպը կարող էր ահաբեկչական ակտ լինել։
Ավելի ուշ տարածված վարկածներից մեկով էլ օդաչուներից մյուսը Հնդկաստանի քաղաքացի է։ Վերոնշյալ վարկածներից որևէ մեկը պաշտոնապես չի հաստատվել։