Հայկական ժողովրդավարությունը ենթարկվել է արտաքին ուժեղ ճնշման․ Դամիե Կոտիե (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցի հեղինակ Դամիեն Կոտիեի ելույթը ԵԽԽՎ-ում․
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկության օրը ընտրազանգվածն իսկապես ընտրության հնարավորություն ուներ, և դա հստակ արտահայտեց։ Ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված՝ տեխնիկապես ամուր, խաղաղ և ներառական։
Իրավական շրջանակն ամուր հիմք էր ապահովում։ Ընտրական վարչակազմը վայելում էր հիմնական դերակատարների վստահությունը, և ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում քվեարկությունն անցավ պատշաճ կերպով։
Սակայն հստակ լինենք՝ հայկական ժողովրդավարությունը ենթարկվել է արտաքին ուժեղ ճնշման։ Աշխարհաքաղաքական համատեքստը չափազանց լարված էր և նշանավորվեց աննախադեպ բնույթի ուղղակի ռուսական միջամտությամբ։ Առևտրային սահմանափակումներ, էներգամատակարարման սպառնալիքներ, դիվանագիտական ճնշում, ազդեցության արշավներ և անվտանգության ուղղակի, բարձրագույն մակարդակով հնչեցված սպառնալիքներ։
Սպառնացող ուղերձներում Հայաստանի եվրոպական ձգտումները ներկայացվում էին որպես վտանգ՝ ընտրողների վրա ազդելու նպատակով։ Բազմակուսակցական պատվիրակությունը, որը ես պատիվ եմ ունեցել ղեկավարելու, միավորում էր 15 պետություն ներկայացնող 22 անդամների, երկու համազեկուցողներին, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին, ինչպես նաև քարտուղարության ներկայացուցիչներին։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին և տեխնիկական թիմերին, ներառյալ՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին, նրանց ներգրավվածության համար։
Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի իշխանություններին՝ մոնիթորինգի ընթացակարգի շրջանակում մեզ հրավիրելու համար։ Մենք ողջունում ենք ընտրատեղամասային հանձնաժողովների անդամների պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև թեկնածուների, դիտորդների և ընտրողների մեծամասնության կառուցողական վերաբերմունքը։
Այո՛, քվեարկության օրը գործերն ընդհանուր առմամբ լավ ընթացան, սակայն ընտրությունները միայն մեկ օրով չեն սահմանափակվում՝ դրանից շատ հեռու են։ Եվ այստեղ մեր գնահատումը մատնանշեց խոցելիություններ ու բացեր։ Քարոզարշավը շատ կոշտ և խիստ բևեռացված էր։
Ձայներ գնելու մասին մեղադրանքները հանգեցրին բազմաթիվ քրեական հետապնդումների, հատկապես ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ։ Պաշտոնյաների նկատմամբ գործադրված ճնշումները, ինչպես նաև ընտրություններից առաջ կառավարության կողմից հայտարարված առատաձեռն սոցիալական և տնտեսական միջոցառումները լուրջ հարցեր են առաջացրել։
Քարոզարշավների ֆինանսավորումը դեռևս անբավարար է վերահսկվում։ Մեդիա դաշտը բազմակարծիք է, սակայն խիստ բևեռացված։ Առցանց տիրույթում ապատեղեկատվությունը, արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը և կեղծ հաշիվները խորացրել են պառակտումները և փորձել վարկաբեկել քաղաքական հակառակորդներին։
Վերջապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մի քանի ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը, որոնք վճռորոշ էին ընդդիմադիր կուսակցություններից մեկի խորհրդարանական ներկայացվածության համար, մեզ մտահոգում է։ Որոշումը էական էր այն հարցի համար, թե արդյոք այդ կուսակցությունը կհաղթահարի ընտրական 4 տոկոսի շեմը։
Վերջնական արդյունքներով այն ստացել է 3,99 տոկոս, հետևաբար՝ ոչ մի մանդատ։ Տվյալ ընտրատարածքներում նոր քվեարկությունների անցկացումը լիովին ընդունելի տարբերակ կլիներ։ Այն մերժվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ առանց իրական բացատրության։ Նման նշանակության որոշումը պետք է հիմնված լինի հիմնավոր, թափանցիկ և ստուգելի պատճառաբանության վրա։ Ցավոք, այդպես չէր։
Տիկին նախագահ, ուզում եմ ասել, որ այս ընտրությունների արդյունքում, չնայած բացերին և մտահոգիչ մակարդակի արտաքին ճնշումներին, Հայաստանի բնակչությունը ցուցաբերեց մեծ դիմակայունություն։ Այն վստահություն հայտնեց գործող կառավարությանը՝ շարունակելու Եվրոպայի խորհրդի արժեքների վրա հիմնված ուղին։
Սա պարտավորեցնում է ընտրված իշխանություններին։ Մեր զեկույցն առաջարկում է ճանապարհային քարտեզ՝ բացերը վերացնելու համար, մասնավորապես՝ ամրապնդել պաշտպանությունը միջամտություններից, երաշխավորել ընտրական վարչակազմի անկախությունը, պատժել վարչական ռեսուրսների չարաշահումը, պայքարել ապատեղեկատվության դեմ և հստակորեն նախատեսել նոր քվեարկության անցկացում այն դեպքերում, երբ վտանգված է հիմնարար ներկայացվածությունը։ Հայաստանը ցույց է տվել, որ կարող է կազմակերպել տեխնիկապես հաջող, խաղաղ և ներառական ընտրություններ։
Ընտրողներն ունեցել են իրական ընտրություն, սակայն ժողովրդավարությունը չափվում է նաև հնարավորությունների հավասարությամբ, տեղեկատվության անաչառությամբ, բողոքարկման մեխանիզմների արդյունավետությամբ, քաղաքացիների վստահությամբ և ճնշումներին դիմակայելու կարողությամբ։ Եվ այստեղ դեռ առաջընթացի անհրաժեշտություն կա։ Իշխանություններն ունեն հստակ մանդատ, և այժմ պետք է կատարեն այն։ Մեր վեհաժողովը և Վենետիկի հանձնաժողովը կանգնած են իշխանությունների կողքին՝ Եվրոպայի խորհրդի չափանիշների և դրա ընտրական ցիկլի հիման վրա Հայաստանի ինստիտուտներն ամրապնդելու նպատակով։
Շնորհակալություն»։
Թարգմանությունը՝ ոչ պաշտոնական