Դավիթ Սաֆարյանը 3-րդն է Եվրոպայում
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումների առաջին օրը մեր մարզիկները նվաճեցին մեկ բրոնզե մեդալ:
Ազատ ոճի ըմբիշ, 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը նախ հաղթեց ավստրիացի, ապա ադրբեջանցի մրցակցին եւ մտավ կիսաեզրափակիչ: Սակայն այս փուլում նա պարտվեց ռուս Ալան Գոգաեւին, որն էլ ի վերջո դարձավ Եվրոպայի չեմպիոն:
3-րդ տեղի համար պայքարում Դավիթ Սաֆարյանը հաղթեց թուրք Յակուպ Գորին եւ արժանացավ բրոնզե մեդալի:
96 կգ քաշային կարգում մեր Անդրանիկ Գալստյանը երկրորդ փուլում պարտվեց իր մրցակցին եւ ժամանակից շուտ ավարտեց ելույթները:
Այսօր գորգ կմտնեն 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որին առաջին փուլում ադրբեջանցի մրցակից է բաժին հասել, եւ 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը, որը 1/16-րդ եզրափակիչ փուլում կհանդիպի լեհ Կշիշտոֆ Բիենկովսկու հետ: