Լավրով. Հայաստանը չի կարողանա ընդունել ԵՄ չափանիշները՝ առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները, Գյումրիի քաղաքապետին քաղաքական հայտարարության համար մեղադրանք ներկայացնելը, ինչպես նաև ՀՀ վարչապետի մոտեցումը ԵԱՏՄ անդամությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի ֆոնին։
Սերգեյ Լավրով․ Այս թեման բազմիցս քննարկել եմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Փաշինյանի հետ։ Պարզ է, որ տեխնիկապես անհնար է անցում կատարել ԵՄ ստանդարտներին՝ մնալով ԵԱՏՄ կազմում։ Դա ոչ միայն նորմատիվային տարբերությունների, այլ նաև այն պատճառով, որ ԵՄ-ն ձգտում է Հայաստանի իրավական համակարգը համապատասխանեցնել իր չափանիշներին։ Այս մոտեցումը նախատեսում է նաև արտաքին քաղաքականության ամբողջական համապատասխանություն, այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցներին։
2025 թ․ դեկտեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ նոր ռազմավարական գործընկերության օրակարգը պահանջում է համակարգել արտաքին քաղաքականությունը, առևտուրը և սահմանների վերահսկողությունը։ Սակայն Հայաստանը ներկայում պահպանում է սահմանները ռուս սահմանապահների մասնակցությամբ, ինչը առաջացնում է անհամատեղելիություն պարտավորությունների միջև։ Եթե Հայաստանը որոշի շարժվել դեպի ԵՄ, դա իր ինքնիշխան իրավունքն է։
Սակայն պետք է հիշել, որ 2015-ից ի վեր՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ավելի քան երկու անգամ՝ 10.5 միլիարդից հասնելով 26 միլիարդ դոլարի։ ԵԱՏՄ շնորհիվ հայկական ապրանքներն ունեն ազատ մուտք դաշնակից երկրների շուկաներ, հատկապես՝ Ռուսաստանի։ Այս պահին առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ հասել է ռեկորդային՝ 14 միլիարդ դոլարի։
Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն, ապա ցավով տեսնում ենք, որ այդ թեման շահարկվում է և ներկայացվում որպես ռուսական ազդեցության աղբյուր։ Վարչապետ Փաշինյանն ու ԱԺ նախագահը խոսել են «հիբրիդային սպառնալիքների» մասին։ ԵՄ-ն այսպես կոչված «հիբրիդային սպառնալիքներով» պայմանավորում է իր աջակցության տրամադրումը։ Վերջերս Հայաստանին հատկացվել է 15 մլն եվրոյի դրամաշնորհ։ Չեմ կասկածում, որ ԵՄ կառույցները հետևելու են, որ Հայաստանը հաշվետու լինի այդ միջոցների համար։
ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալլասը նշել է, որ Մոսկվան կարող է Հայաստանում գործել «մոլդովական սցենարով»։ Վերջինս ենթադրում է ընտրությունների կեղծում՝ արտասահմանում տեղակայված ընտրատեղամասերի միջոցով, ինչը արդեն արձանագրվել էր Մոլդովայում։ Եթե ԵՄ պաշտոնյան բացահայտ ասում է, որ դա հնարավոր է Հայաստանում, ապա հայ հասարակությունը պետք է լրջորեն մտածի դրա մասին։
Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, ապա նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ առաջարկել է քննարկել Հայաստանի անդամակցությունը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը։ Նման քաղաքական տեսակետների համար մեղադրանք ներկայացնելը, որոնք չեն խախտում երկրի ինքնիշխանությունը, անընդունելի է։ Այժմ նա ազատ է արձակվել կալանքից, սակայն շարունակում է մնալ տնային կալանքի տակ։ Հույս ունենք, որ ռուսական կողմի հետ համագործակցող գործիչները Հայաստանում չեն ենթարկվի հետապնդումների։