Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կայա Կալասին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով Եվրոպական միության հետ համագործակցությունը շատ կարևոր է։ Ես կարող եմ ասել, որ մեր համագործակցությունը հաջողված է, որն ընդգրկում է մեր կյանքի բոլոր բնագավառները քաղաքական, տնտեսական, հասարակական, պառլամենտական, տեղական մակարդակներում։ Բարձ ենք գնահատում նաև Եվրոպական միության այն աջակցությունը, որ ցուցաբերվում է Հայաստանին արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում»։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Կայաս Կալասն նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար. «Մենք կարևորում են Հայաստան ԵՄ սերտ համագործակցությունը և շահագրգռված ենք Ձեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում»,- մասնավորապես ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն բազմաշերտ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնարար դիրքորոշումները՝ ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամորեն հետևում է տարածաշրջանում խաղաղության հաստատման և բոլոր հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցման ուղուն։ Կարևորվել են վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները՝ արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և կայացման ոլորտներում, և դրանց ուղղությամբ ստացվող միջազգային աջակցությունը։ Հանդիպման մասնակիցները շեշտադրել են պետական և քաղաքական ինստիտուտների կայացման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից գործադրվող հետևողական ջանքերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի, մասնավորապես՝ վերականգնվող ու «կանաչ» էներգիայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ՝ ընդգծելով այդ ուղղությամբ Հայաստան-ԵՄ փոխգործակցության խթանման և նոր նախաձեռնությունների ձևավորման կարևորությունը։