Բացել լրահոսը Փակել լրահոսը
92481537-bcb3-4be5-bb0a-90642d86a763
A A
Պաշտոնական

Ստորագրվել է համագործակցության հուշագիր․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության և «ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոն» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու հիմնադրամի համահիմնադիրներ Գրիգոր Պըլտյանը և Մովսես Տեր-Գևորգյանը։ Հուշագրի նպատակն է կողմերի միջև համագործակցության միջոցով նպաստել սփյուռքի հայկական մշակութային ժառանգության հավաքագրմանը և պահպանմանը, իրականացնել մշակութային նորարար ծրագրեր, խթանել մշակութային ստեղծագործությունը, համագործակցությունը և փորձի փոխանակումը։

Հուշագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել հիմնադրամին տրամադրել գործունեության տարածք, որը հիմնադրամը կվերանորոգի՝ ապահովելով դրա արդյունավետ, բարեխիղճ և երկարաժամկետ կառավարումը։ Իր հերթին հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել ստեղծել մշակութային ժամանակակից կենտրոն, որտեղ կպահպանվի հիմնադրամին նվիրաբերվող արժեքավոր ժառանգությունը՝ արվեստի գործեր, արխիվներ, գրական և մտավոր արտադրություն։ Արդի և նորարար ձեւաչափով այս կենտրոնում նախատեսվում է իրականացնել ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան մշակութային և բազմագիտակարգային ծրագրեր և նախաձեռնություններ՝ նպաստելով մշակութային կյանքի զարգացմանը, հայկական մշակույթի արդիականացմանը։

Կարևորելով նմանօրինակ կենտրոն հիմնելու նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է սփյուռքում ձևավորված մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման անհրաժեշտությունը։ «Կարևոր է ունենալ մի կենտրոն, որտեղ հնարավոր կլինի հավաքել այդ ժառանգությունը և այն հասանելի դարձնել հանրությանը։ Մշակութային ժառանգության հավաքագրումն ու պահպանումը բացում են նաև հետազոտությունների և նոր ուսումնասիրությունների մեծ դաշտ»,- նշել է նախարարը և հավելել, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է տեր կանգնել այդ արժեքներին՝ համագործակցելով նախաձեռնության հեղինակների հետ։ «Խոսքն այն ժառանգության մասին է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս, սակայն Հայաստանը կարող է դառնալ այն հանգրվանը, որտեղ հայկական ժառանգությունը կպահպանվի, կարժևորվի և հասանելի դառնա հանրությանը»,– ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում՝ մշակութային արժեքները Հայաստան վերադարձնելու և պահպանելու ուղղությամբ։

«Կառավարությունը լրացուցիչ միջոցներ է հատկացնում, որպեսզի միջազգային տարբեր աճուրդներից ձեռք բերվեն և Հայաստան վերադարձվեն մեր մշակութային արժեքները, որոնք հանգամանքների բերումով Հայաստանում չեն գտնվում։ Պետական միջոցներով ձեռք են բերվում ձեռագրեր, կտավներ և մշակութային այլ արժեքներ՝ դրանք վերադարձնելով Հայաստան։ Այս իմաստով ձեր

նախաձեռնությունը լիովին համահունչ է պետական ռազմավարությանը»,– ընդգծել է նախարարը՝ դիմելով ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնի հիմնադիրներին։ Հիմնադրամի համահիմնադիր Մովսես Տեր-Գևորգյանն ընդգծել է, որ իրենց նպատակը սփյուռքի մշակութային և մտածողական ժառանգության պահպանումն ու կենսունակությունն է, ինչպես նաև փոխանցումը նոր սերնդին։

Նրա խոսքով՝ կենտրոնի նպատակն է հայտնաբերել սփյուռքն իր բազմամշակույթ և բազմաձայն ինքնությամբ, պասհպանել և զարգացնել արդի ժառանգությունը, հայթայթել ստեղծագործական գործիքներ նոր սերնդի համար՝ ժամանակակից հայալեզու մտավորական-իմացական դաշտ ձեւավորելու նպատակով։ Գրիգոր Պըլտյանի ընդգծմամբ՝ ՍԵՄ-ի նպատակն է ժառանգությունը աշխատեցնել որպես այժմեականության և ներկայի գործոն, խթանել ու պահպանել ստեղծագործական միքտը. «ՍԵՄ-ը թանգարան չէ, այն իմացակարգերի հանդիպման, մտածումի, անհատական փորձառությունների և մանավանդ ստեղծումի վայր է»։

Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է երեք տարի ժամկետով։