Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթում էր, Սարգսյանը տոնում էր հաղթանակը․ Զուգահեռեր (տեսանյութ)

Փետրվարի 18-ի պաշտոնական արդյունքով Հանրապետության նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը։ Երկրորդ տեղ գրաված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը պնդեց, որ իրականում հաղթողը Հովհաննիսյանն է, և հայտարարեց, որ կպայքարի իր ձայների համար.

«Ով խեղում է հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու ձայնը, պատասխան է տալու»։

Փետրվարի 19-ից մեկնարկեցին բողոքի ակցիաները։ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային կոչ արեց Սարգսյանին՝ հանդիպելու և իշխանությունը ժողովրդին փոխանցելու համար։ Հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 21-ին։ Հանդիպման արդյունքը զրոյական էր՝ հաջորդ օրը Ազատության հրապարակում հանրությանը զեկուցեց Րաֆֆի Հովհաննիսյանը․

«Պատրա՞ստ եք օգնելու․․․ձեռք բարձրացնողին հայ ժողովրդի կամ որևէ մի քաղաքացու վրա»։

Նույն օրը բուհերում ուսանողները դասադուլ սկսեցին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, հանրահավաքային ալիքը տարածվեց ամբողջ երկրում։

Մարտի 10-ին Հովհաննիսյանը հացադուլ սկսեց Ազատության հրապարակում։ Մարտի 31-ին դադարեցրեց այն և մեկնեց Մայր աթոռ՝ հաղորդություն ստանալու։

Ապրիլի 9-ին  Սերժ Սարգսյանի պաշտոնամուտի արարողությունը կայացավ Մարզահամերգային համալիրում։ Նա երդվեց լինել բոլորի նախագահը, այդ թվում՝ իր դեմ քվեարկածների։

Զուգահեռաբար Ազատության հրապարակում անցկացվում էր մեկ այլ արարողություն, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն էր ձևակերպում՝ «Նոր Հայաստանի» երդմնակալությունը։

Հանրահավաքին հաջորդեց երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Բաղրամյան պողոտայի մոտ հազարավոր քաղաքացիներ բախվեցին ոստիկանական շղթային։ Այդ ընթացքում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հաջողվեց Հովհաննիսյանին հասցնել Ծիծեռնակաբերդ այլընտրանքային ճանապարհով։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի ունեցավ միասնական աղոթք, և հնչեց պետական օրհներգը։

Այսպես ավարտվեց հետընտրական պրոցեսն, ու Սերժ Սարգսյանը Հայաստանը ղեկավարեց մինչև իր նախագահական 2-րդ ժամկետի ավարտը, նույնիսկ՝ մի քանի օր էլ ավելի։