Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Բողոքի ակցիան ՆԳՆ դիմաց ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Այսօր Երևանում քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով դադարեցնել, ինչպես իրենք են բնութագրում, արցախցիների նկատմամբ դրսևորվող հետապնդումները և խտրական վերաբերմունքը։ Ակցիայի մասնակիցները նախ հավաքվել են Քննչական կոմիտեի շենքի դիմաց, այնուհետև երթով շարժվել դեպի Ներքին գործերի նախարարություն։

Փաստաբան Ռոման Երիցյանը, որը զբաղվում է ոստիկանությունում խոշտանգումների մասին հայտարարած Տիգրան Ուլուբաբյանի պաշտպանությամբ, ակցիայի մասնակիցներից մեկն էր։ Նա պնդում է, որ հատկապես արցախցի քաղաքացիներն են ենթարկվում ուժային կառույցների կողմից ճնշումների, ինչը դատապարտելի է։

Նրա խոսքով՝ ոստիկանությունն ակտիվորեն փորձում է ճնշում գործադրել նաև իր՝ որպես փաստաբանի վրա, այդ թվում՝ ստիպելով տարբեր անձանց հաղորդումներ ներկայացնել իր դեմ։

Անցած օրերին հայտնի դարձավ, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը նյութեր է պատրաստել Երիցյանի դեմ, մասնավորապես՝ մի քաղաքացի հայտնել է, թե փաստաբանը խարդախությամբ իրից մեծ գումար է վերցրել։ Երիցյանը այս մեղադրանքները որակել է որպես կեղծ։

Քրեական գործը վերաբերում է Տիգրան Ուլուբաբյանի պնդումներին, ըստ որոնց՝ Լոռու մարզի ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ և ստիպել են իր վրա վերցնել ավազակային հարձակման մեղքը։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ին, Վանաձորում։

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել խոշտանգման հոդվածով, իսկ Ոստիկանությունը սկսել է ծառայողական քննություն։ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ընդունել էր Ուլուբաբյանին և նրա փաստաբանին, վստահեցրել օբյեկտիվ քննության մասին, սակայն նշել՝ դեռևս բավարար հիմքեր չկան որևէ մեկին մեղադրելու կամ ձերբակալելու։

Իսկ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, հարցին անդրադառնալով խորհրդարանում, նշել է՝ գնահատական տալը վաղ է, քննությունից հետո ամեն ինչ կպարզվի։ Նրա խոսքով, տեղի ունեցածը ավազակային հարձակում է եղել, և արվել է ամեն ինչ՝ դեպքը բացահայտելու համար։