Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արշակ Սրբազանի տեսագրության առումով այլևս անելիք չունենք, այն ստեղծվել է արհեստական բանականությամբ․ Արսեն Բաբայան   (տեսանյութ)

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ  հայտնի տեսանյութերը «օբյեկտիվ իրականության հետ որևէ կապ չունեն» և ստեղծվել են արհեստական բանականության տեխնոլոգիաներով․ այսօր հայտարարել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

 Ըստ նրա՝ Չեռնոգորիայից, Ռուսաստանից և Սերբիայից ստացված փորձագիտական պատասխանները հիմք են տալիս իրեն այդպես հայտարարելու։

Փաստաբանի խոսքով՝ երբ ինքը հայտարարել է, որ արդեն ստացվել են երեք միջազգային փորձաքննությունների արդյունքները, Քննչական կոմիտեն արձագանքել է, թե քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներից դուրս իրականացված փորձաքննությունները ապացուցողական նշանակություն չունեն։

 «Միևնույն ժամանակ խոսվեց իրենց փորձաքննության մասին, որով իբր հաստատվել է, որ տեսանյութում պատկերված անձը Արշակ Սրբազանն է։ Բայց այդ դատատեսաձայնային փորձաքննությամբ քննվել է ընդամենը մեկ հարց՝ արդյոք տեսանյութում պատկերված անձը Արշակ Սրբազա՞նն է, թե՞ ոչ»,– ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ փորձաքննության ժամանակ  անգամ չի դրվել հարցը՝ տեսանյութը կե՞ղծ է, թե ոչ․

«Բոլորը գիտեն արհեստական բանականության մասին։ Այդ մեկ էջից բաղկացած փաստաթուղթը, որի կես էջը նկար է, ես փորձաքննություն չեմ էլ համարում։ Վերցրել են տեսանյութից մի հատված, համեմատել են ինտերնետից վերցված լուսանկարի հետ ու եզրակացրել՝ քիթը նման է, ակնոց կա, ճակատը նման է, ուրեմն ինքն է»։

Բաբայանը խոսեց նաև Արշակ Սրբազանի՝ տուժողի կարգավիճակ ունենալու մասին՝ նշելով, որ նա փաստացի վկա է։

Քնչականում առաջարկվել էր նրան ճանաչել տուժող՝ անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության խախտման հոդվածով հարուցված գործով, սակայն եթե տեսանյութը կեղծ է, ուրեմն՝ Արշակ Սրբազանը տուժող է համարվում այլ տեսանկյունից․

«Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ կապ չունի այդ տեսանյութերի հետ։ Եթե ինքը չէ, ապա իր կյանքի և ընտանեկան գաղտնիությունը չի կարող խախտված լինել։ Փոխարենը հայտարարվեց, թե նա տուժել է այն բանից, որ կեղծ տեսանյութեր ստեղծելով՝ փորձել են արատավորել նրա անունը և ատելություն սերմանել իր կամ եկեղեցու նկատմամբ»։

Ասուլիսում անդրադարձ եղավ նաև Բարեկարգման հանձնաժողովին, որի ստեղծման հիմքերից մեկը, ըստ փաստաբանի, եղել էր եկեղեցում տեղի ունեցած ենթադրյալ բարոյական խախտման մասին տեղեկությունը՝ կապված Արշակ Սրբազանի հետ։

«Հիմա փաստվեց, որ այդ տեսանյութերը կեղծ են, ինչպես առաջին րոպեներից պնդում էր Արշակ Սրբազանը։ Այս առումով նրանք մտածելու տեղիք ունեն՝ արդյո՞ք այդ արհեստական հանձնաժողովի իմաստը կա, թե ոչ»,– նշեց փաստաբանը:

Բաբայանը տեղեկացրեց, որ փորձագիտական եզրակացությունները կուղարկվեն նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որպեսզի այնտեղ ևս ծանոթանան դրանց բովանդակությանը։

Ասուլիսի ավարտին նա հայտարարեց. «Տեսագրության առումով մենք այլևս անելիք չունենք։ Այս պահից թեման համարում եմ փակված։ Մենք հաստատեցինք, որ տեսագրությունը իրականության հետ կապ չունի։ Կեղծարարին բացահայտելը թողնում ենք քննչականին»։