Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միհրան Պողոսյան
A A
Քաղաքականություն

Միհրան Պողոսյանի կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի ընտրություններին։ Այդ մասին տեսակապով հայտարարել է ՀՀՄ նախագահ Միհրան Պողոսյանը, հայտնում է «Փաստինֆոն»:

«ՀՀՄ-ն պարտադիր կմասնակցի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։ Մենք մասնակցելու ենք միասնական ճակատով, մեծ կոնսոլիդացիայով։ ՀՀՄ-ն, գիտակցելով ստեղծված իրավիճակն ու առկա սպառնալիքները, անելու է ամեն ինչ՝ կանխելու այս մահաբեր գահավիժումը։ Մեր առաքելությունն է քշել նիկոլիզմը Հայաստանից։ Չի կարող մի պատերազմն ու մի չստացված ղեկավարը կոտրել հայ ազգի ողնաշարը։ Ստեղծված իրավիճակը ստիպում է ստեղծել այնպիսի համախմբում, որը պետք է ընկալելի լինի ամբողջ հայ ժողովրդի համար։ Ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը պետք է մի կողմ դնեն սեփական ամբիցիաները և լծվեն միայն մեկ գործի՝ օր առաջ հեռացնել Նիկոլին»,- ասել է նա։

Նա նաև հավելել է, որ երկու տարի առաջ արված հայտարարությունը, ըստ որի՝ աշխարհում որևէ հայի հետ խնդիր չունեն՝ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, շարունակում է արդիական մնալ։

«Երկու տարի առաջ հայտարարեցինք, որ աշխարհում ոչ մի հայի հետ խնդիր չունենք, ձեռք ենք մեկնում բոլորին, այդ թվում՝ իշխող ուժի կուսակցության ներկայացուցիչներին, բոլորին՝ բացի մեկ անձից՝ նրանից, ով առայժմ զբաղեցնում է երկրի առաջնորդի աթոռը, ով հանուն աթոռի դարձավ պատմության հազարավոր զոհերի, Արցախի կորստի և արցախահայության վտարանդի դառնալու պատճառ։ Այսօր ևս վերահաստատում ենք մեր խոսքը՝ ձեռք ենք մեկնում բոլորին, բացի մեկ անձից, և այդ անձը մեկընդմիշտ պետք է հեռացվի»,-ասել է նա:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: