Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Քոչարյան vs Դեմիրճյան. Ընտրակեղծիքների դեմ թափանցիկ քվեատուփերն անզոր են (տեսանյութ)

2003 թվականի նախագահի ընտրություն (1-ին մաս)

2003 թվականի նախագահական ընտրությունները նշանակված էին փետրվարի 19-ին։ Իշխանության թեկնածուն կրկին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր։ Նրա հիմնական մրցակիցն այս անգամ Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն էր, ով ստանձնել էր կուսակցության ղեկավարումը հոր՝ Կարեն Դեմիրճյանի ողբերգական մահից հետո։

Առաջադրվել էին շատերը, սակայն, քվեաթերթիկում ընդգրկված էր 9 թեկնածուի անուն։ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը չէր գրանցվել՝ տասը տարվա քաղաքացիություն չունենալու պատճառով։

 «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի օգտին ինքնաբացարկ հայտնեցին Կոմունիստական կուսակցության ղեկավար Վլադիմիր Դարբինյանն ու ԱԻՄ-ի առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Արամ Զավենի Սարգսյանը, Արշակ Սադոյանն ու Պետրոս Մակեյանը իրենց թեկնածություններից հրաժարվեցին՝ Ստեփան Դեմիրճյանի օգտին։

 Ընտրապայքարի մեջ մնացած թեկնածուներից Արամ Գասպարի Սարգսյանն ու Գառնիկ Մարգարյանը ևս սատարում էին Դեմիրճյանին և ընտրողներին կոչ էին անում քվեարկել նրա օգտին։

Քոչարյանը ձգտում էր համազգային առաջնորդի կերպարով հանդես գալ՝ «Աշխատենք միասին» կարգախոսով։ Քոչարյանը կարծում էր, թե այս անգամ ընտրապայքարում լուրջ մրցակից չունի։ Իրականությունն այլ էր։ Շռնդալից էր Ստեփան Դեմիրճյանի քարոզարշավը։

Բոլոր բնակավայրերում մարդիկ ջերմ էին ընդունում Դեմիրճյանին՝ նրա ոտքերի տակ անգամ ոչխար մորթելով։ Քաղաքացիների մի ստվար հատված անկեղծորեն հավատացած էր, որ հենց Ստեփան Դեմիրճյանի օգնությամբ է Հայաստանը շտկելու  կորացած մեջքը։ Դեմիրճյանը խոստանում էր հաղթանակի դեպքում ձևավորել հանրության վստահությունը վայելող կառավարություն։

Քոչարյանի կողմնակիցներն ամեն կերպ փորձում էին խափանել Ստեփան Դեմիրճյանի մարդաշատ հանդիպումները, բայց նրանց չէր հաջողվում վախի մթնոլորտ ստեղծել։

Ի սկզբանե էլ թերահավատություն կար, որ հնարավոր է արդար ընտրություն երաշխավորել, հատկապես, որ գործող նախագահի ընտրական շտաբի պետը պաշտպանության նախարարն էր՝ Սերժ Սարգսյանը։ Ընտրությունն ուղեկցվեց աղաղակող ընտրախախտումներով՝ լցոնումներ, վստահված անձանց առևանգում, ընտրակաշառք, կարուսել, լրագրողների աշխատանքի խոչընդոտում։ Այս ընտրությանն առաջին անգամ կիրառվում էին թափանցիկ քվեատուփեր, սակայն, դիտորդների արձանագրմամբ՝ թափանցիկ էին միայն քվեատուփերը։

Պաշտոնական արդյունքներով Ռոբերտ Քոչարյանը ստացավ ձայների 49․8%-ը, իսկ Ստեփան Դեմիրճյանը՝ 28․3%-ը։

Ընդդիմությունը չընդունեց արդյունքները։ Փետրվարի 20-ին կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք և երթ դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Իշխանությունները սահմանափակեցին տրանսպորտի շարժը դեպի Երևան։ Բազմաթիվ ցուցարարներ ձերբակալվեցին։

Իրավիճակը մեղմելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն միջնորդեց՝ վարչական կալանքի ենթարկվածներին ներում շնորհելու համար։

ԿԸՀ-ն հայտարարեց երկրորդ փուլի անցկացման մասին, որը նշանակվեց մարտի 5-ին։ Պայքարը շարունակվելու էր Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև։

Ընտրապայքարից դուրս մնացած թեկնածուներից շատերը հայտարարեցին 2-րդ փուլում Դեմիրճյանին սատարելու մասին, սակայն, առաջին փուլում 17․4% ձայներով երրորդ տեղը զբաղեցրած Արտաշես Գեղամյանն այդ քայլին չգնաց։